Ձերբակալվել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Նա մինչև այս տարվա ապրիլը եղել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարը։

Այսօր առավոտյան Լիլուաշվիլին հարցաքննության է ներկայացել դատախազություն՝ դատական ​​կանչից հետո, որտեղ էլ նրան կալանավորել են։ Լրագրողները սպասել են նրա ձերբակալությանը և երբ նրան հարցրել են այդ մասին, Լիլուաշվիլին պատասխանել է. «Աստծո կամքը լինի»։

Լիլուաշվիլիի ձերբակալությունը կանխատեսելի է եղել, քանի որ նրա մերձավոր շրջապատի մի քանի անդամներ արդեն ձերբակալվել են։

Գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լիլուաշվիլին մեղադրվում է մի քանի քրեական գործերով կաշառք ստանալու մեջ։

Լիլուաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով՝ «Մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը»։ Նրան 11-ից 15 տարի ազատազրկում է սպառնում

Ներկայումս «Լիլուաշվիլիի գործը» ներառում է առնվազն չորս դրվագ՝

2022 թվականի հոկտեմբերին թուրք ներդրող Չաղաթայ Ուլքերից մեկ միլիոն ԱՄՆ դոլարի կաշառք՝ քամու էլեկտրակայանների կառուցման վերաբերյալ հուշագրի լոբբինգի համար,

2022 թվականի փետրվար ամսին «Էքսպրես-Սերվիս 2008»-ի հիմնադիր Գիորգի Խաժալիայից 1,5 միլիոն լարիի շորթում՝ գազիֆիկացման մրցույթներին օժանդակելու համար,

2021-2023 թվականներին խարդախ «զանգերի կենտրոնների» հովանավորչություն և դրա դիմաց 1,4 մլն դոլարի ստացում։ Այստեղ առկա է քաղաքական նրբերանգ. քննությունը պնդում է, որ այդ զանգերի կենտրոնների գործունեության հաշվին ֆինանսավորվել են ընդդիմադիր լրատվամիջոցները։

Մանկապարտեզների կառավարման գործակալության այն ժամանակվա տնօրեն Կախա Գվանցելաձեի գործունեության հովանավորում, կաշառքի դիմաց պայմանագրերի կնքում, որն իրականացվել է մանկապարտեզների համար մթերքի գնման նպատակով։