Ծաղկաձոր խոշորացված համայնքի գյուղերում՝ Մեղրաձորում, Աղավնաձորում, Արտավազում, Հանքավանում, Մարմարիկում, տարեցտարի վերականգվում են տարածաշրջանի մոռացված տոնածիսական ավանդույթները: Այս գործում իր առանցքային դերակատարումն ունի Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնը, որի տնօրեն Գոհար Գոգոլյանը ավելի քան տասնհինգ տարի է հսկայական աշխատանքներ է իրականացնում հայկական մշակույթի՝ հատկապես տոնածիսական ավանդույթների, հայկական ծիսական խոհանոցի վերականգնման, պահպանման և տարածման ուղղությամբ։ NEWS.am-ի գիտահանրամատչելի՝ «Բա իմացա՞ր» ալիքի «Հայկական արհեստների վերածնունդ» խորագիրը կրող հարցազրույցի շրջանակներում Գոգոլյանը պատմել է, թե մինչ օրս ինչ ծիսական ավանդույթներ, կերակրատեսակներ են վերականգնել և տարածել համայնքում:
«Ամեն տարի մի դետալ ավելացնելով, գիտական աղբյուրներ ուսումնասիրելով, շփվելով ոլորտի մասնագետների հետ, կամաց-կամաց հավաքել, ի մի ենք բերել ծեսերը, և հիմա Սուրբ Ծնունդից մինչև Խաչվերած տոնածիսական շղթան (Սուրբ Ծնունդ, Տյառնընդառաջ, Սուրբ Սարգիս, Բարեկենդան, Մեծ Պահք, Զատիկ, Ծաղկազարդ, Համբարձում և այլն) տոնում ենք մեր համայնքում»,-նշեց մեր զրուցակիցը՝ կարևորելով այս գործում ոչ միայն մարզամշակութային կոնտրոնի աշխատակիցների, այլև համայնքի ողջ բնակիչների կատարած աշխատանքը:
Այս տարիների ընթացքում Գոգոլյանը, բացի տոնական ծեսերը նշելու ավանդույթները պահպանելուց, վերականգնել և վերստին կիրառության մեջ է դրել, գրեթե մոռացված «Հալիմ»-ը, «Ածիկով կերակուր»-ը և այլ կերակրատեսակներ, ինչպես նաև բանահավաք աշխատանքի արդյունքում գրի առել ազգագրական բազմաթիվ նյութեր:
«Այս առումով այսօր համացանցը շատ է օգնում, շնորհիվ սոցիալական հարթակների, մենք հանրահռչակում ենք վերականգնած տոնածիսական ավանդույթները»,-նշեց մարզամշակութային կենտրոնի տնօրենը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











