Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատրաստ է մասնակցել հեռուստատեսային բանակռիվներին ընդդիմության ներկայացուցիչների հետ։

Հունվարի 22-ին Կոբախիձեն հայտնել էր, որ Վրաստանում պետք է վերականգնվեն քաղաքական հակառակորդների միջեւ բանավեճերը։ Նրա խոսքով՝ բանավեճերը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկն են, որը պետք է վերականգնվի վրացի ժողովրդի համար, որպեսզի նրանք կարողանան եզրակացություններ անել պատշաճ վերլուծության հիման վրա եւ լսել բոլոր կողմերին։

«Ես ուրախ եմ մասնակցել ցանկացած ձեւաչափի առողջ քննարկմանը»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Վարչապետը նշել է, որ հեռուստատեսային բանավեճերը պետք է լինեն բովանդակալից եւ թեմատիկ։ Նա հուսով է, որ հեռարձակողները շուտով կկարողանան համաձայնության գալ համապատասխան ձեւաչափի շուրջ։ Կոբախիձեն նաեւ առողջ բանավեճն անվանել է հասարակության մեջ բեւեռացումը հաղթահարելու միակ միջոցը։