Կայուն ժողովրդավարական երկրներում ընտրակարգերի հարցի քննարկման անհրաժեշտություն չէր կարող ծագել: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու հարցի շուրջ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ:
«Ուստի եվրոպացի գործընկերները զարմանքով են արձագանքում, երբ նման հարց ենք բարցրացնում»,- նշեց Զոհրաբյանը եւ հավելել. «Ի վերջո թե համամասնական, թե մեծամասնական ընտրակարգերն էլ ունեն առավելություններ, կարեւորը արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելն է»:
Ըստ պատգամավորի, մեծամասնական ընտրակարգով ավելի հեշտ է ընտրակեղծիքներ իրականացնել: Պատգամավորը նաեւ մեծամասնական ընտրակարգը պահպանելու կողմնակիցներին առաջարկեց դիմել ժողովրդին: «Պետք է դիմել հանրությանը, պարզել, թե որ ընտրակարգով են ցանկանում, որ անցկացվեն ընտրությունները»,- նշեց նա:




























