Հայաստանից 2011 թ. արտահանվել է 118 հազ. տոննա պղնձի հանքաքար եւ խտահանք` 260 մլն դոլար ընդհանուր արժեքով: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեից: 2010 թ. պղնձի խտանյութի արտահանման ծավալը կազմել էր 115 հազ. տոննա:

Հիշեցնենք, որ 2011 թ. Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 1.33 մլրդ դոլար:

Արտահանման կառուցվածքում 2011 թ. երկրորդ տեղը զբաղեցնում է ալկոհոլային խմիչքները` շրջանցելով ֆեռոմոլիբդենին:

Արտահանվել է 9.6 մլն լիտր սպիրտային խմիչք, 132 մլն դոլար ընդհանուր արժեքով: Նախորդ տարվա համեմատ սպիրտային խմիչքների արտահանումն ավելացել է մոտ 2 մլն տոննայով, հավանաբար` ի հաշիվ կոնյակի արտահանման:

Թեեւ ֆեռոմոլիբդենի արտահանման ֆիզիկական ծավալները փոքր-ինչ ավելացել են, գումարային առումով դա էական ազդեցություն չի թողել` պայմանավորված ֆեռոմոլիբդենի գների անկմամբ: 2011 թ. արտահանվել է 5.5 հազ. տոննա ֆեռոմոլիբդեն` 121 մլն դոլար ընդհանուր արժեքով:

Ներմուծման կառուցվածքում, ինչպես եւ նախորդ տարիներին, առաջնությունը պատկանում է բնական գազին, նավթամթերքին եւ ավտոմեքենաներին: Ներմուծված բնական գազի ընդհանուր արժեքը կազմել է 395 մլն դոլար, նախորդ տարվա 327 մլն դոլարի համեմատ: Ներմուծվել է 2 մլն խոր. մետր գազ` 2010 թ. 1.85 մլն խոր. մետրի համեմատ:

Նավթամթերքի ներմուծման ֆիզիկական ծավալներն ընդհակառակը, նվազել են, սակայն աճել է գումարային արժեքը: Այսպես` 2011 թ. ներմուծվել է 358 հազ. տոննա նավթամթերք` 372 մլն դոլար ընդհանուր արժեքով: 2010 թ. այդ ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 380 հազ. տոննա եւ 305 մլն դոլար:

Ներմուծման ընդհանուր արժեքը 2011 թ. կազմում է 4.1 մլրդ դոլար: