100-տոկոսանոց համամասնականի հարցը, ընտրությունների նախաշեմին, ոչ այլ ինչ էր, քան քաղաքական PR ընդդիմության համար: Այս մասին, այսօր` փետրվարի 16-ին, մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, հավելելով, որ դա ցույց տվեցին նաեւ ԱԺ-ում երեկ այդ խնդրով կայացած խորհրդարանական լսումները:

Նա պատմեց, որ ԱԺ-ում երեկվա լսումների ընթացքում, երբ մի փոքրիկ մոնիթորինգ է անցկացրել, տեսել է, որ ամենաշատ ներկայացվածությունը ուներ ՀՀԿ-ն, իսկ ընդդիմադիր թեւը ներկայացնող ներկայացուցիչները ովքեր նաեւ այս նախագծի հեղինակներն էին, որոշ մասը  իրենց հայտարարությունն անելուց հետո լքել են դահլիճը չլսելով իշխող կուսակցության տեսակետը:

«Այնտեղ էին նաեւ հ/կ-ների, այլ քաղաքական թիմերի ներկայացուցիչներ, որոնք, չգիտես ինչու, րոպեավճարով առաջնորդվելու հոգեբանությամբ  ամպագորգոռ ելույթներից հետո նորից լքեցին դահլիճը»,- նշեց Հովհաննես Սահակյանը եւ ավելացրեց, որ քննարկումների 2-րդ կեսը կիսադատարկ  դահլիճում է անցել:

Ավելին` նրա խոսքով, ընդդիմության ներկայացուցիչները չեն ցանկացել խնդիրը դիտարկել իրավական հարթության մեջ, տեսնելու համար, թե այս նախաձեռնությունը սահմանադրակա՞ն է, թե՞ հակասահմանադրական: «Սա եւս մեկ անգամ վերահաստատում է, որ սա պարզապես քաղաքական PR է ընտրությունների նախաշեմին»,- իր խոսքն ամփոփեց Սահակյանը:

Նշենք, որ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի նախաձեռնության հանդես են եկել «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն: Այս նախաձեռնությանը հայտարարությամբ իրենց աջակցությունն են հայտնել ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

Նախաձեռնությանը դեմ է ՀՀԿ-ն, այն համարելով ժամանակավրեպ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի