Կարծիք է ձևավորվել, որ դուդուկն աշխարհին է ծանոթացրել մաեստրո Ջիվան Գասպարյանը` դուդուկի ճանաչված վարպետը: Սակայն տարիներ առաջ, մինչ վարպետ Ջիվանը նվագեց «Գլադիատորում», դուդուկի թովիչ ձայները հնչեցին Մարտին Սկորսեզեի` «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմում`դեռևս 1988 թվականին: Ֆիլմի սաունդթրեկը ձայնագրել էր Փիթեր Գեբրիելը` համաշխարհային երաժշտության ամենաճանաչված վարպետներից մեկը: Ավելի ուշ սաունդթրեկը վերամշակվել է և դարձել ինքնուրույն ալբոմ` «Passion», որը պրոֆեսիոնալների շրջանակներում համարվում է էթնո-ֆյուժն ժանրի մեծագույն նվաճումներից մեկը: Այն ստեղծվել էր ամենաանզուգական երաժիշտների և երգիչների մասնակցությամբ, ինչպես նաև երաշտության տարբեր ոճերի միավորման փորձով: Նախագծին մասնակցել էին Աֆրիկայի, Ասիսայի, Մերձավոր Արևելքի էթնո-երաժիշտներ, սակայն հատկանշական է, որ կենտրոնական տեղերից մեկը ողջ ձայնային բազմազանության մեջ գրավեց Վաչե Հովսեփյանի կատարմամբ հայկական դուդուկը:
Որոշ ժամանակ անց Գեբրիելը սկսեց դուդուկահար փնտրել իր մյուս ալբոմի վրա աշխատելու համար: Կապվելով Մարսելի հեռուստատեսության հետ` նա խնդրեց գտնել Լևոն Մինասյանին (ֆոտոռեպորտաժ), որի մասին շատ էր լսել: «Փիթեր Գեբրիելի հետ համերգներ` 80-100 հազար մարդկանց համար... Ինչ էր այնտեղ կատարվում: Հսկայական մասշտաբներ: Երկյուղ, ուժեղ սթրես», - խոստովանում է Լևոնը: «Ինձ պատիվ վիճկավեց բացելու իր համերգը: Ես նվագում էի «Հովերն ընկան» (The feeling begins).... Հենց այդ ժամանակ է, որ մենք դուդուկը բացահայտեցինք ողջ աշխարհին»...

Այո, ես տեսել եմ Փիթերի հետ համերգները: Ձեզ նայելով` չէի մտածի, որ Դուք երկյուղած էիք...
Իրո՞ք (ծիծաղում է): Դա չի արտահայտվում, սակայն վախը կար: Հանդես գալ 80 հազար հանդիսատեսի առաջ` աներևակայելի է: Երբ հիշում եմ իմ առաջին համերգը Փիթերի հետ... Եթե ես քեզ պատմեմ այդ զարմանալի պատմությունը, երևի չես հավատա.... անհավանական է: Մի օր` երեկոյան, իմ տանը հեռախոս զանգեց: Խոսում էր Փիթեր Գեբրիելը: Իրերս հավաքում եմ և գնում Լոնդոն`իր հաջորդ ալբոմի ձայնագրության համար: Ձայնագրությունից հետո նա ջերմորեն շնորհակալություն հայտնեց ինձ` կատարված աշխատանքի համար, իսկ ես հանգիստ խղճով վերադարձել էի տուն` Մարսել: Մի քանի ամիս հետո ստանում եմ ֆաքս, առաջարկով` իր հետ մեկնել երկամյա համերգաշար: Սա բացարձակ անակնկալ էր` և ես... չհամաձայնեցի: Սիլվան (Լևոնի տիկինը – խմբ.) սպասում էր երկրորդ երեխային, մեր ձեռքներիս վրա էր փոքրիկ Ջիվանը (որդին– խմբ.). ես չէի կարող այդքան երկար ժամանակով թողնել ընտանիքս:

Ես ճնշված էի, ոչնչացված, ծանր էի ապրում սեփական հրաժարվելս: Փիթերի մենեջերի հետ բանակցությունները վարվում էին 3-4 ամիս: «Լևոն, մենք գիտենք, որ դուք ունեք լուրջ պատճառներ` մերժման համար, սակայն խնդրում ենք` ուժ գործադրեք և ձեր համաձայնությունը տվեք»: Չկարողացա: Որպեսզի մի քիչ ցրվեմ` վերցրել էի արձակուրդ և Սիլվայի հետ գնացել Մարոկկո: Եվ մի օր մեր ճաշասեղանին նստեց մի երիտասարդ, ով, ինչպես պարզվեց, աշխատում էր Նիմում` «Ռադիո Ֆրանսում»: «Նիմում շուտով հանդես կգա Փիթեր Գեբրիելը: Ուզո՞ւմ եք գալ: Ես ձեզ հրավիրում եմ», - ասաց նա: Պատկերացնո՞ւմ ես վիճակս: Երեք ամիս առաջ հրաժարվել էի դառնալ այդ չտեսնված ներկայացման մի մասը, իսկ հիմա ինձ համերգի են հրավիրում: Անտրամադիր ` որոշեցի այնտեղ գնալ, մանավանդ որ հնարավորություն կար բեմի հետևն անցնել:
«Լևոն, ինչո՞ւ դուդուկ չես վերցնում», - գնալուց առաջ հարցնում է Սիլվան: «Սիլվա, ինչի՞ մասին ես խոսում: Այդքան առաջարկներից հետո հրաժարվեցի հյուրախաղերից: Հիմա գամ դուդուկով ու ասեմ, որ որոշել եմ նվագե ՞լ: Դա անհնար է, մի՞թե չես հասկանում»: Սակայն Սիլվան պնդում էր, և ես վերցրի դուդուկն ինձ հետ` մտքիս մեջ որոշելով, որ այն Փիթերին կնվիրեմ ի հիշատակ մեր համատեղ աշխատանքի: Նիմ գալով` ընկանք անձրևի տակ: Փնթփնթում էի Սիլվայի վրա, որ ինձ ստիպեց գործիքը վերցնել: Գալով տոմսարկղի մոտ` ներկայանում եմ որպես Փիթեր Գեբրիելի երաժիշտ և խնդրում ինձ վերցնել կուլիսների հետևը: Ինձ պատասխանում են, որ բոլոր երաժիշտներն արդեն փորձ են անում. անվճար մուտքի մասին խոսք լինել չի կարող: «Զանգեք Փիթերին, ես նրա երաժիշտն եմ», - խնդրում եմ տոմսավաճառին: Անսալով խնդրանքներիս` դահլիճի աշխատակիցները զանգեցին իրեն:
Փիթերը միանգամից իջնում է բեմից: «How are you, Լևոն», - շատ ջերմ հարցում է ինձ: Ես իրեն եմ փոխանցում դուդուկը` Ձեզ ի հիշատակ: Գիտե ՞ս ինչ է անում: «Ոչ, Լևոն, ոչ: Դուդուկն իմը չէ: Դու մեզ հետ ես նվագում այս երեկո»: Կարո՞ղ ես երևակայել վիճակս: Այն բանից հետո, երբ հրաժավել էի մասնակցել համերգաշարին: Չգիտեմ` ինչ ասեմ: «Իսկ ի ՞նչ եմ նվագում», - հարցնում եմ Փիթերից: «Քրիստոսի վերջին փորձությունը»:
Սկսվում է հանպատրաստից փորձը: Երեկոյան ժամը 8-ն է: Մեջս վախ է մտնում, սկսում եմ դողալ: 8:15. գալիս են ձայնային օպերատորները, տեխնիկները, երաժիշտները: Հինգ, չորս, երեք, երկու, մեկ... Փիթերը գրկում է ուսերս: «Լևոն, հիմա կբարձրանաս բեմ: Երբ տեսնես քո միկրոֆոնը, որը շատ հեռու է` Արենայի մեջտեղում, դու կմոտենաս և կսկսես նվագել: Երբ վերջացնես, մեզ նշան կտաս, և 8 երաժիշտ քեզ կհետևեն նույն նոտայով»:
Բարձրանում եմ աստիճանով դեպի բեմ, ձեռքերս դողում են: Հանդիսատեսները վանկարկում են`«Փիթեր, Փիթեր»: Մոտենում եմ բարձրախոսին, դուդուկից առաջին ձայները հանում: Օվացիան ինձ խլացնում է, կարծես հորդ անձրև տեղաց բեմին: Մեղեդին ճանաչեցին... բառեր չեմ գտնում, որ պատմեմ, թե ինչ էր կատարվում ինձ հետ. ողջ մարմինս դողում էր վրա հասած գացմունքներից, իսկ մտքում ինձ ասում էի. «Վազիր տուն, ամեն ինչ ավարտված է, դու այդ վիճակում չես կարողանա նվագել»: Եվ միանգամից ինքս ինձ համոզում եմ. «Դու գիտես` որտեղ ես գտնվում: Փիթեր Գեբրիելի հետ նույն բեմի վրա ես: Միլիոնից մեկ շանս է: Իրավունք չունես նրա երեկոն տապալել»: Խորը շունչ եմ քաշում, շնչառությունս վերականգնում և շարունակում նվագել:
30 հազար մարդ` մի մարդու նման քարացել էին: Նվագում եմ «Հովերն ընկան»: Ավարում եմ: Երաժիշտները, ռեժիսորները, տեխնիկներն ինձ մոտ են վազում և շնարհավորում: Փիթերն իջնում է բեմից, գրկում ինձ. «Լևոն, դու այս ներկայացման կախարդանքն ես, այս բեմի հրաշքը»... (դադարում է խոսել, աչքերի անկյուններում արցունքներ են երևում): «Վաղվանից մեզ հետ ես գալիս», - ասաց նա (պաուզա):

Այդ պահին ինձ մոտ է վազում Մանյու Կատչեն (հանրահայտ թմբկահար – խմբ.) և ասում, որ Փիթերը հիմա հեռուստատեսությամբ է խոսում, և ես պետք է համաձայնությունս տամ: Շրջվում եմ դեպի Սիլվան: «Ի՞նչ պիտի անեմ, ի ՞նչ անեմ»... «Պիտի գնաս»....
Այսպիսին է այդ համերգաշարի նախախատմությունը` անմոռանալի և հիանալի համերգաշարի: Տեսնո ՞ւմ ես` ինչպես է ստացվում: Դու ասում ես` ոչ, բայց այդ «ոչ»-ն «այո» է դառնում շատ տարօրինակ կերպով: Ուղղակի ամեն մեկն իր ճակատագիրն ունի, որից չես փախչի: Այդ օրից Փիթերի հետ շատ ենք մտերիմ: Նա զանգել էր ինձ, երբ մահացել էր Սիլվան, ասաց, որ գիտի` որքան էր նա թանկ ինձ համար և որ նա ինձ հետ է ողջ սրտով: Այդ համերգաշարը զգալի մասով կայացել էր հենց Սիլվայի շնորհիվ, որն ինձ ստիպեց հետս դուդուկ վերցնել:
Հնարավոր չէ գերագնահատել Փիեթրի հետ համագործակցության կարևորությունը: Երբ այպիսի մի մեծություն, ինչես նա կամ Սթինգը քեզ վերցնում են իրենց թիմի մեջ, ողջ աշխարհի դռները բացվում են քո առջև: Դա նշանակում է, որ դու կարող ես նվագել 100 հազար մարդու առաջ և միշտ հանդես գալ ամենաբարձր մակարդակով:

Ինձ թվում է` դուք դուդուկը դարձրիք ավելի թեթև ընկալվող: Արդյոք դա է գաղտնիքը, որ ձեզ սիրում և համագործակցության են հրավիրում համաշխարհային բեմի աստղերը:
Այո, ինչ վերաբերում է դուդուկի հնչեղությանը, վերծանմանը, ապա հաշվի առնելով, որ հանդես եմ գալիս արևմտյան երկրներում, որտեղ լսողական ընկալումը մի փոքր այլ է, ես աշխատում էի դուդուկին տալ մի փոքր այլ հնչեղություն: Հենց այդ էր, որ ինձանից պահանջում էին առաջին հերթին, հատկապես` ֆիլմերի համար աշխատելիս: Սակայն քիչ-քիչ ավելի «հայկական» տարրեր եմ ներդնում, փոխում մատների աշխատանքի տեխնիկան. Դա էլ է շատ կարևոր, որ չի կարելի անտեսել: Ես ինձ համարում եմ երեք մշակույթի կրող` հայկական, ֆրանսիական և անգլոսաքսոնական: Հնարավոր է`հենց դա է, որ ինձ օգնում է ավելի հեշտ հարամիտել դուդուկը այլ ժանրերի հետ: Ընդհանուր առմամբ, իմ նվագը հանպատրաստից է:
Փիթեր Գեբրիելից բացի` աշխատել եք նաև Սթինգի հետ:
Այո, Սթինգի հետ աշխատել եմ «Secret Love» ալբոմում: Սակայն այստեղ դուդուկին ավելի համեստ տեղ հասավ: Ալբոմի ձայնագրման համար այդքան շատ գործիք էր օգտագրծվել, ահավոր չափի գործիքային աշխատանք կատարվել, և դուդուկը մի փոքր կորչում է: Ինչ վերաբերում է համատեղ համերգներին, ապա ես Սթինգի հետ հանդես էի եկել Կարիբներում:
Սթինգին ինձ ներկայացրեց Մանյու Կատչեն` թմբկահարը, որն աշխատել էր և' Փիթեր Գաբրիելի, և' Սթինգի հետ: Այդ ծանոթությունն ինձ` որպես մարդու, շատ կարևոր է: Տարբերությունը սոսկ այն է, որ Փիթերի հետ ծանոթությունը համաշխարհային համերգաշարի սկիզբ դարձավ, նա կարողացավ ինտեգրել դուդուկը ողջ ծավալով և շատ ավելի լավ: Փիթերն իր ծրագիրը բացում էր «Հովերն ընկան»-ով` փաստորեն դուդուկին տալով առաջնային դիրք: Դա դժվար է գերագնահատել:

Այսինքն կարծում եք, որ Սթինգը չկարողացա՞վ ճիշտ օգտագործել դուդուկի հնարավորությունները, չգնահատե՞ց այն:
Խնդիրն այն չէ, որ չկարողացավ, այլ այն, որ Փիթեր Գեբրիելն առաջ էր ընկել նրանից: Ես առաջարկեցի Սթինգին գերազանց հնչեություն, սակայն նա չցանկացավ «արտագրել» Փիթերին: Քան որ դուդուկի մասին նա իմացել էր մի փոքր ուշ, նրան կարող էին նմանացնել գործընկեչոջը: Կարծում եմ` նա ուղղակի որոշեց ռիսկի չդիմել և դուդուկն առաջին պլան չմղել: Փիթեր Գեբրիելն ու Սթինգն ընկերներն են, որքան գիտեմ:Այո, նրանք ընկերներ են, սակայն արտիստների մեջ խոսում է նաև սեփական եսը, և կարծում եմ` հենց այդ պատճառով Սթինգը որոշեց չդիմել այդ քայլին, որ խուսափի անցանկալի հաեմատություններից Փիթերի հետ: Չնայած Սթինգը` ինչպես ոչ ոք, հասկաում է և կարող է ճիշտ օգտագործել գործիքները:Սակայն նրա դիրքորոշումն ինձ համար միանգամայն հասկանալի է: Ո՞ւ մ հետ է ավելի հեշտ աշխատել:Փիթեր Գեբրիելը ցնցող է: Իր հետ` որպես արտիստի, ինձ մոտ կապված են շատ ավելի շատ ապրումներ, քան` Սթինգի: Սթինգն ավելի զուսպ է, իսկ Գեբրիելը` լինի ճաշասեղան թե բեմ, միշտ և ամենուր իր երաիշտների հետ է: Նա ողջ սրտով սիրում է նրանց բոլորին: Սթինգը մի քիչ ավելի «աստղային» կերպարի մեջ է: Սակայն ամեն մեկն իր վարքագիծն ունի, ինձ համար դա որևէ խնդիր չի առաջացնում:

Ինչպե ՞ս ստացվեց, որ Ձեր ընտրությունն ընկել էր հենց դուդուկի վրա:
Դուդուկի հետ ես ծանոթացել էի, երբ Հայաստան կատարած իրենց առաջին այցից հետո իմ ծնողները բերեցին այդ զարմանալի գործիքը` որպես նվեր իմ զարմիկին: Այդ ժամանակ 14 տարեկան էի: Ծիրանի փայտիկը միանգամից գրավեց իմ ուշադրությունը: Ես ծնողներից խնդրեցի փորձել նվագել դրա վրա: Հայրը` թեև մի փոքր թերահավատորեն, ինձ թույլ տեց փորձել: Այդ ժամանակից էլ ուդուկը ձեռքիցս բաց չեմ թողնում. նվագում էի ամեն օր, նոյնիսկ արձակուրդում, որպեսզի հասնեմ այն մակարդակին, որի վրա գտնում եմ այսօր: Ես շատ եմ հպարտանում դրանով, քանի որ երբեք չէի սպասում այդպիսի բարձունքների: Իմ խորին համոզմամբ, միայն անկեղծ սերն ու ձգտումը կարող են բերել այդպիսի արդյունքի: Ես նվագում էի` հետևելով իմ ձգտմանը: Երաժշտությանը չի կարելի վերաբերվել լոկ որպես աշխատանքի: Ես երբեք չէի հաշվել` քանի ժամ եմ փորձ անում: Նվագելն իմ համար անհրաժեշտություն չէր, միայն ձգտում: Դուդուկն ինձ թույլ տվեց շատ մեծ բարձունքների հասնել: Ես նվագել էի Ֆրանսիայի նախագահի համար` Ելիսեյան պալատում, որտեղ ինձ ներկայացրել էին պարգևի: Հայատանում էլ էի պարգևատրվել: Ես իրապես զարմանալի ուղի եմ անցել և շատ երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ Հայաստանի մշակույթը ներկայացնել ողջ աշխարհում: Ես իրոք հպարտանում եմ դրանով:
Հավանաբար, Ձեզ համար շատ կարևոր է ներկայացնել հայ երաժշտությունը ողջ աշխարհում:
Իհարկե, ես ինձ մի քիչ զգում եմ աշխարհում Հայաստանի դեսպան: Սա անմոռանալի զգացմունք է: Կարծում եմ և հուսով եմ, որ այդ առաքելությունը պատվով եմկատարում: Միշտ հարգելով մեր երաշտությունը, մշակույթը, արվեստը` ջանում եմ պահպանել մեր ժողովրդի հեղինակությունը:
Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, մաէստրո:











