Չգիտեմ՝ սահմանային խախտումների համար պատասխանատու է՞ր արդյոք Ազգային անվտանգության ծառայության պաշտոնանկ արված փոխօրեն Դավիթ Սանամյանը, թե՞ ոչ, բայց կարծում եմ, որ ԱԱԾ-ն թերացել է իր աշխատանքում։ Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վովա Հակոբյանը։

Նա հիշեցրել է, որ ադրբեջանցի զինված զինծառայողը երկու օր գտնվել է Հայաստանի տարածքում, ու համապատասխան մարմինները նրան այդպես էլ չեն հայտնաբերել ու ձերբակալել։ «Ընդ որում՝ չեմ կարծում, թե մեր զինվորականներն են թերացել»,— նշել է Հակոբյանը՝ միաժամանակ ընդունելով, որ պատերազմից հետո շփման գծի երկարությունը «որոշ չափով ավելացել է»։ Նա դա համարել է խնդիր, որը նույնպես լուծում է պահանջում։

Պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանի տարածք ապօրինի թափանցումները լիովին բացառելն անհնար է։ Նա իրավիճակը համեմատել է ԱՄՆ սահմանի հետ, որտեղ Մեքսիկայի կողմից ևս անցանկալի հատումներ են լինում։ «Անհնար է վերահսկել ամեն մի մետրը»,— ընդգծել է նա՝ հերքելով այն պնդումները, թե իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունը միջադեպից։

«Մենք երբեք չենք ասել, թե բանակում խնդիրներ չկան․ դրանք կան ու պետք է լուծվեն։ Մենք գնում ենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, և ժամկետային ծառայության ժամկետի կրճատումն այդ ճանապարհին արվող քայլերից մեկն է»,— նշել է Հակոբյանը՝ չհամաձայնելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի այն տեսակետին, թե պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա։