Քանի դեռ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքը չի չեղարկվել, բնականոն քաղաքական կյանքի մասին խոսելն ավելորդ է։ Հոկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միքայելյանը։

Միքայելյանն ընդգծեց, որ երկրորդ նախագահը զրկված է թիմի հետ շփվելու և քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորությունից, ընդ որում՝ այդ ամենն առանց դատարանի որոշման։

Գրասենյակի ղեկավարը նկատեց, որ որևէ որոշման տակ (իսկ սա Քոչարյանի արդեն չորրորդ կալանավորումն է) չկա Փաշինյանի ստորագրությունը, և վաղը նա կասի, թե ինքն ընդհանրապես կապ չունի, քանի որ դրված են Աննա Վարդապետյանի, Ծովակ Մնացականյանի ու դատավորների ստորագրությունները։ «Պատասխանատվությունը վրա է հասնում անսպասելիորեն և անակնկալի տեսքով», - նշեց Միքայելյանը։ Նա հիշեցրեց, որ երկրորդ նախագահը գտնվում է Պետական պահպանության ծառայության հսկողության տակ, որն ուղղակիորեն ենթարկվում է Փաշինյանին, և նման պայմաններում «քննությանը խոչընդոտելու» հնարավորության մասին խոսելն ավելորդ է։

«Այս պայմաններում կալանքը նշանակում է, որ պատվերը ստացվել է հարևան երկրից, իսկ այն կատարում են հայկական ազգանուններով մարդիկ», - փաստեց Միքայելյանը։ Նա հիշեցրեց, որ Հաքարիի կամուրջն անցել են հազարավոր մարդիկ (2023 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից հայերի բռնագաղթի ժամանակ), սակայն նույնիսկ ադրբեջանցիների մտքով չանցավ կալանավորել հայ քաղաքական ու ռազմական գործիչների որդիներին։ «Բաքվի բանտի հայկական մասնաճյուղում նստած են հայր ու որդի։ Ժամանակն է, որ (Հայաստանի իշխանությունները) խելքի գան։ Հուշեմ՝ թող տեսնեն, թե ինչ է կատարվում Զելենսկու հետ», - հայտարարեց Միքայելյանը։