Հայաստանի պետական ագրարային համալսարանում, այսօր` հունիսի 28-ից, մեկնարկել է «Ռուսաց լեզվի» բանավոր քննությունը: Այս տարի ռուսերենից բանավոր քննություն կհանձնի 120 դիմորդ, քննությունը կկայանա երեք օրով` այսօր, հուլիսի 1-ին եւ 7-ին: Քննական հանձնաժողովն օրական կքննի մոտ 40 դիմորդի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության ռուսերենի մասնագետ, Ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի նախագահ, Մանկավարժական համալսարանի դասախոս, քննական հանձնաժողովի նախագահ Լիլյա Բալասանյանը:
NEWS.am-ի թղթակցի` ռուսերենի բանավոր քննության այցելության ժամանակ արդեն պատասխանել էր 4 դիմորդ, սակայն ոչ մեկի պատասխանը չէր գոհացրել հանձնաժողովին: Հանձնաժողովի նախագահի խոսքով` որակը միջինից բարձր է, հիմնականում 10-14 միավոր են ստանում դիմորդները, իսկ ամենաբարձր միավորը, որ արձանագրվել էր 15-ն է: «Այն տխուր տպավորությունները, որ ունեցել ենք անցյալում, այդ շղթան գնում է: Պատկերը նույնն է, դա պայմանավորված է մեր դպրոցի կրթության որակի խնդրով, հուսով եմ, որ ավագ դպրոցի որակը կլինի այնպիսին, որ շրջանավարտները վստահ եւ հանգիստ գան քննությունների: Դրանից բացի` անգլերենի ներմուծումը մեր ժողովրդի կրթության բնագավառ սկզբից բոլորին շատ հիացրեց, բայց բոլոր դպրոցները այժմ անհանգստացած են ռուսերենի որակով, մենք սովոր չենք տեսնել այդպիսի որակ»,- ասաց Լիլյա Բալասանյանը` հավելելով, որ տարեցտարի նվազում է ռուսերենի իմացությունը դիմորդների մոտ:
Նա հավաստիացրեց, որ բանավոր քննությանը իրենք երբեք ծրագրային նյութից դուրս հարցեր չեն տալիս, իսկ ծրագրային նյութը շատ մեծ եւ դժվար չէ:
Ներքեւում հեռուստացույցի միջոցով ծնողները հետեւում էին քննության ընթացքին, լսում դիմորդների պատասխանները, նրանց հետ հավասարապես ապրում ամեն րոպեն: Նրանք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ ընդհանուր առմամբ հանձնաժողովը լավ է քննում եւ ծրագրից դուրս հարցեր չի տալիս:
Թե’ ծնողները, թե’ մյուս սենյակում քննությանը սպասող դիմորդները անհամբեր էին եւ հուզված: Նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին «Հայոց լեզու եւ գրականություն» քննությունից, սակայն նշեցին, որ ռուսերենի գրավոր քննությունը բարդ էր: Ընդհանուր առմամբ, դիմորդները լավ էին տրամադրված եւ ամեն մեկը սպասում էր քննասենյակ մտնելու իր հերթին:
NEWS.am-ի թղթակիցն արդեն քննասենյակում ականատես եղավ, թե ինչպես դիմորդներից մեկը բողոքարկեց իր գնահատականը, քանի որ ցանկանում էր անվճար ընդունվել: Աղջիկը ռուսերեն գրավոր քննությունից 17 էր ստացել, իսկ բանավորից հանձնաժողովը նրան նշանակում էր 14: Դիմորդը խնդրեց լրացուցիչ հարց տալ, այնուհետեւ` լրացուցիչ տոմս, սակայն դրանց եւս չկարողացավ հավուր պատշաճի պատասխանել, այնուհետեւ սկսեց արտասվել` նշելով, որ ինքը բարձր միավոր է ուզում, քանի որ պետք է անվճար ընդունվի: Հանձնաժողովի նախագահը նրան ասաց, որ բարձր միավորի կարող են հավակնել նրանք, ովքեր կատարելապես տիրապետում են լեզվին, մինչդեռ ինքը ունի մի շարք խնդիրներ լեզվի իմացության, ռուսերեն վարժ խոսելու հետ: Աղջիկը լացելով դուրս եկավ քննասենյակից եւ հեռացավ` չցանկանալով որեւէ բան մեկնաբանել: Դա այդ օրը բանավոր քննության արձանագրված առաջին արտասուքն է:
Լիլյա Բալասայանի խոսքով` «այդ դիմորդի արտասուքը ոչ թե հանձնաժողովի, այլ իր դպրոցի որակի դեմ է ուղղված, քանի որ նա նշել էր, որ իրեն ոչինչ չի տվել դպրոցը, դրանից բացի` աղջիկը լալիս էր նաեւ անվճար ընդունվելու համար»:
«Այդ աղքատիկ ռուսերենով հույս ուներ, որ կընդունվի անվճար, ես փորձեցի իրեն հանգստացնել` ասելով, որ գուցե այնքան լավ սովորի, որ անվճար անցնի, այդ աղջնակը ստացել է 14 միավոր, որն իր համար շատ բարձր է, որովհետեւ հենց անգիր արած նյութից մի փոքր շեղվում էր, անմիջապես անում էր անընդունելի եւ ինձ համար անսպասելի սխալներ»,- ասաց նա` հավելելով, որ անվճար կրթություն պետք է ստանան այն երեխաները, որոնք ունեն փայլուն գիտելիք:
Լացող դիմորդից հետո քննասենյակից դուրս եկող մյուս դիմորդը եւս 14 էր ստացել, գոհ էր իր գնահատականից եւ հանձնաժողովից, ասում է` միայն հուզմունքը խանգարեց: Ի դեպ, այսօրվա ռուսերեն բանավոր քննություն հանձնող դիմորդների շարքում չկային արական սեռի ներկայացուցիչներ, ինչը թերեւս բացատրվում է ընտրած մասնագիտությունների «աղջկական, կանացի» լինելու մասին պատկերացումներով:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի











