Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հուլիսի, 2-8-ին անցկացվող միասնական  քննությունների լրացուցիչ երկրորդ փուլի շրջանակներում այսօր` հուլիսի 3-ին, Երեւանի պետական համալսարանում տեղակայված քննակենտրոնում «Հայոց լեզու եւ հայ գրականությունից» քննություն է հանձնել 269 դիմորդ, որից բացակայել էր 18-ը: Այս մասին այսօր` հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:

Դիմորդներին այցելել էր նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա այս անգամ եւս շրջեց երկու քննասենյակներով, զրուցեց դիմորդների հետ, հետարքրքվեց նրանց որպիսությամբ, հարցրեց գո՞հ են քննություններից, թե` ոչ, խնդրեց առաջարկներ, բողոքներ եւ քննադատություններ ներկայացնել, սակայն բոլոր դիմորդներն իրենց գոհունակությունը հայտնեցին:

Արդեն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դիմորդները բողոքում էին շտեմարաններից` նշելով, որ դրանց  վերջամասում տրված պատասխանների մեջ բավականին սխալներ կան, իսկ ծնողները` պետպատվերի քիչ տեղերից:

Միասնական լրացուցիչ քննությանը մասնակցում են բանակից զորացրվածները, սփյուռքի մեր հայրենակիցները, ՀՀ քաղաքացիները, որոնք ավարտում են ուսումը օտարերկրյա պետությունների կրթական հաստատություններում եւ այն դիմորդենրը, որոնք հարգելի պատճառով չէին մասնակցել առաջին հիմնական փուլին: Մենք զրուցեցինք թե բանակից զորացրված, թե Ջավախքից կամ այլ վայրից եկած, թե քոլեջն ավարտած դիմորդների հետ: Եղան նաեւ դեպքեր, երբ դիմորդը որեւէ կերպ չհիմնավորեց, թե ինչու չի մասնակցել առաջին փուլին եւ ինչու է երկրորդ փուլով մասնակցում քննություններին:

Մեր հարցին, թե հիվա՞նդ էիք, դե՞պք էր պատահել, նա բացասական պատասխան տվեց` նշելով, որ «այդպես ստացվեց»: Իսկ մեկ այլ դիմորդը, NEWS.am-ի թղթակցի` հարցազրույց տալու խնդրանքին պատասխանեց հարցով` «Մեջը փո՞ղ կա»:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոչ մի տեսակի ահազանգ թեստերի դժվարության հետ կապված չի ստացել: «Դժվարությունը վատ բան չէ, թեստերը պետք է լինեն ճիշտ, հավասարակշռված ծանրություններով, համապատասխան հանձնարարականների` հեշտ, ավելի բարդ եւ բարդ: Բարդ հարցեր իհարկե պետք են»,- ասաց նա: Նախարարը մեկ անգամ եւս վերահաստատեց իր գնահատականը, որ քննություններն անցել են հանգիստ, հանդարտ մթնոլորտում, դժգոհությունների չափաբաժինը կտրուկ նվազել է, «անցկացնում ենք դիմորդամետ ուղղություններով քննություն»:

«Այս տարվա հայոց լեզվի եւ մաթեմատիկայի փորձը համարում եմ հաջողված, հետեւաբար այն պետք է կիրառվի նաեւ մյուս առարկաների դեպքում, երեխան պետք է գա քննության` հանգիստ լինելով, որ որեւէ մի  կատու որեւէ պարկից չի գտնի»,- ասաց Արմեն Աշոտյանը` հույս հայտնելով, որ  այս տարվա քննությունները պատմության մեջ կմնան ամենաարդար, ամենահանգիստ, ամենաօբյեկտիվ քննություններից մեկը:

ՀՀԿ-ական նախարարը կոչ արեց հավատալ, որ կփոխվի, որ էլ ավելի լավ միջավայր կլինի քննություններին, ավելի հանգիստ եւ անկաշառ մթնոլորտ: «Իմ երազանքն էր, որ  քննությունները լինեն սովորական երեւույթ մեր կյանքում, որ հասարակությունը 2,5 ամիս չապրի քննություններով, որ քննությունները չստվերեն քաղաքական գործընթացները, Եվրոպայի առաջնությունը, ավելի հետաքրքիր բազմաթիվ իրադարձություններ»,- ասաց նախարարը:

NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե ձեր մամուլի քարտուղարը ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ մանկավարժները  ահազանգում էին թեստերում առկա մի շարք թերությունների մասին, Աշոտյանն արձագանքեց. «Իմ մամուլի քարտուղարն ասուլիս է հրավիրել իր անձնական, ազատ լրագրողական նախաձեռնությամբ, որովհետեւ նա զուգահեռաբար նաեւ  ազատ լրագրող է: Քննադատություններ կարող էր լինել, դա մասնագետների խնդիր է, երբեք, հայոց լեզվի մասնագետներն իրար հետ համաձայնության չեն եկել վերջին 20 տարվա ընթացքում, այդպիսի դեպք չի եղել: Կարծում եմ, որ մասնագիտական խանդը, երբեմն դժկամությունը չի կարելի պրոյեկտել եւ արտահայտել ներքին խնդիրները հրապարակավ: Եթե խնդիրը մասնագիտական բանավեճի մեջ է, թեստերը գրվել են մի խումբ մասնագետների կողմից, աշխատել է ստեղծագործական խումբ»:

Ինչ վերաբերում է անցումային միավորներին, ապա, նախարարի խոսքով, այն ֆակուլտետներում, որտեղ կա «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկա, ենթադրաբար անցումային միավորը 2,5 կբարձրանա, որովհետեւ «Հայոց լեզվի եւ հայ գրականության» քննության արդյունքն այդքանով բարձրացել էր:

Նշենք, որ երկրորդ փուլին մասնակցելու համար 703 դիմորդներից 61-ը Վրաստանից է, 20-ը` ՌԴ-ից, 1-ական դիմորդ` ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Գերմանիայից,  3-ը` Թուրքմենստանից, 4-ը` Իրանից: Այսօր` հուլիսի 3-ին, կկայանա գրավոր քննություն «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից` միասնական քննությունների լրացուցիչ երկրորդ փուլի շրջանակներում: Ի դեպ, զուգահեռաբար ընթանում են բանավոր կենտրոնացված եւ ներբուհական քննությունները:

Հիշեցնենք, որ  հուլիսի  8-ին քննությունները ավարտվելուց հետո, մրցութային հանձնաժողովը կանցնի աշխատանքի եւ ըստ արդյունքների` կորոշի անցումային միավորները: Արդեն հուլիսի 15-ին դիմորդները կիմանան` ով որտեղ է ընդունվել եւ անվճա՞ր, թե՞ վճարովի:

Մանրամասները` քիչ անց տեսանյութում