Գյումրիում տնակներում ապրող, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա ավելի քան 4000 անօթեւան ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման որեւէ ծրագիր ներկայումս, լինի ՀՀ կառավարության, մարզային եւ տեղական իշխանությունների կողմից, չի իրականացվում:
Ինչպես հաղորդում է «Շիրակ Կենտրոնը», հատկապես Գյումրից որոշ ժամանակ բացակայելուց հետո այցելողների համար հենց առաջին հայացքից պարզ երեւում է, որ քաղաքը տարի առ տարի դատարկվում է. հատկապես մթնելուն պես պարզորոշ երեւում է, որ հարյուրավոր բնակարաններում լույսեր չի վառվում եւ դրանք վաղուց դատարկ են: Գյումրիի հին թաղամասերում կարող ես հանդիպել նույնիսկ ամբողջական փողոցների, որոնք պարզապես կիսալքված են եւ դրանցում ընդամենը հատուկենտ վարձով բնակվող ընտանիքներ են ապրում: Կարծես թե նման իրավիճակում Գյումրիում վարձով բնակվող ընտանիքների քանակը շատ չպետք է լիներ, սակայն, արի ու տես, որ հարյուրավոր ընտանիքներ կան, որոնց համար անգամ սեփական տնակ ունենալը դարձել է երազանք:
Ավելի քան տասը տարի վարձով բնակվելուց հետո վերջապես քաղաքապետարանի կողմից ժամանակավոր կացարան ստացած եւ իրենց 3 դպրոցահասակ աղջիկների հետ այնտեղ բնակվելու տեղափոխված Հովհաննես եւ Ալլա Բաղդասարյանների անօթեւան ընտանիքի մասին է պատմում «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը:











