Վանաձորում երեկ` հուլիսի 8-ին, տեղի ունեցած վրաերթի փաստով Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ`պատժվում ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով`որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով):
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր Լոռիի թղթակիցը, երեկ հուլիսի 8-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Վանաձորում: Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը ժամը 22:30-ի սահմաններում վրաերթի է ենթարկել 2 կնոջ եւ թողնելով անօգնական վիճակում, դիմել փախուստի: Դեպքի վայրում հայտնաբերվել է «Օպել» մակնիշի մեքենայի նշան եւ 19 ՏՍ 323 համարանիշ:
Վրաերթի ենթարկվածներն են Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակչուհի, 58-ամյա Անահիտ Միտիչյանը եւ Սպիտակ քաղաքի բնակչուհի, 23-ամյա Աննա Բոյախչյանը: Նրանք երկուսն էլ տեղում մահացել են:
Մեքենայի ղեկին եղել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 44-ամյա Հովհաննես Գինոսյանը: Ըստ շրջանառվող լուրերի, նա աշխատել է «Հայաստանի էլեկտրոցանցեր» ընկերության «Դեբեդ» մասնաճյուղում, որպես տեղամասի պետ:
Մինչ ճանապարհային ոստիկաններն ու Լոռիի մարզային քննչական բաժնի քննիչները կատարում էին տեղանքի զննություն, տեղեկություններ ստացվեցին, որ մեքենան կայանված է դեպքի վայրից քիչ հեռու`Ժդանով փողոցի 20 հասցեում: Նշված վայրում արդեն հայտնաբերվել է մեքենան՝ դիմային մասը ամբողջությամբ ջախջախված վիճակում:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի առաջին դասակի աշխատակիցները` հրամանատար Կարեն Բոյաջյանի եւ Մարտուն Բալայանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ոստիկանության Լոռիի մարզային վարչության աշխատակիցները եւ Լոռիի մարզային քննչական բաժնի քննիչները:
Ըստ շրջանառվող լուրերի, նա աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Դեբեդ» մասնաճյուղում որպես տեղամասի պետ:
Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի











