Գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի` ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունները պարզապես կատակ էին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց անձամբ Վահրամ Սահակյանը: «Կատակ եմ արել, եթե անհաջող է ստացվել, ներողություն, երեւի անհաջող եմ արել»,- ասաց նա, հավելելով, որ նման բան չի եղել, իրեն չեն ծեծել, ինքը պառկել է գետնին, իր ընկերուհուն խնդրել է,որ կետչուպ քսի, այդպես նկարել են եւ գցել ցանց:

«Ոստիկանները երկու անգամ եկան, ասացի, որ կատակ եմ արել ու գնացին: Խնդիր չկար, կատակը մնում է կատակ: Ոչ մի նպատակ չկար, միայն կատակ էր»,- ասաց նա:

Վահրամ Սահակյանը նշեց, որ չի մտածել, թե որն է լինելու հաջորդ կատակը:

Ի դեպ, Վահրամ Սահակյանը ներողություն խնդրեց լրագրողից, ում հայհոյել էր՝ «ծեծի ենթարկվելուց» հետո իրեն զանգահարելու եւ հարց ուղղելու համար: Նա նշեց, որ ոչ մի վատ բան չունի լրագրողների հանդեպ, իր որդին եւ դուստրը եւս լրագրող են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանությունը հերքում է գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի` ծեծի ենթարկվելու եւ իրենց դիմելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում երեկվանից մի լուսանկար է տարածվել, որում, նկարը տարածողների պնդմամբ, պատկերված արյունոտ դեմքով տղամարդը Վահրամ Սահակյանն է, եւ որ նրան ծեծել են: Դրանից հետո Վահրամ Սահակյանը հաստատել էր լուրն ու ասել, որ իրեն ծեծել են ու փախել: Նա նաեւ նշել էր, թե ոստիկանություն է դիմել: Ոստիկանությունից հայտնեցին, որ այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը, եւ Վահրամ Սահակյանն իրենց չի դիմել:

 

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի