«Հարսնաքարի» միջադեպը անթույլատրելի էր, երկրում պատժելիության բացակայությունը հանգեցրեց նման իրավիճակի, տեղի ունեցածը ինքնադատաստանի հայասատանյան տեղական դրսեւորումն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ այդ միջադեպը շատ վատ ուղերձներ է պարունակում, այսինքն՝  հասաակության մի անդամը  կարող է իրեն թույլ տալ վճիռ արձակել որեւէ մեկի հանդեպ: Նրա կարծիքով՝  քաղաքացիական շարժման մասնակիցները պետք է շարունակեն պահանջատիրությունը: «Քաղաքացիական նախաձեռնությունը համասեռ խումբ չէ, կարող են լինել ամենատարբեր նպատակներ հետապնդող մարդիկ, ինչը եղել է բոլոր շարժումների ժամանակ: Շատ բաներ տարերային են, հախուռն են, ինչն օրինաչափ է»,- նշեց նա, հավելելով, որ չի պատրաստվում դատավոր լինել եւ գնահատականներ տալ: 

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կողմից հնչած կարծիքներին, որ «Հարսնաքարի» միջադեպը քաղաքականացնում են եւ որոշ մարդիկ փորձում են դիվիդենտներ շահել, ապա Ստեփան Սաֆարյանը նշեց, որ մինչեւ հիմա չի տեսել որեւէ մարդ, որը շարժման ներսում պարզի կուսակցության դրոշակ, թեեւ տարբեր կուսակցություններից այնտեղ անդամներ կան, բայց մինչ այս պահը որեւէ մեկը նման բան չի արել:

«Կարող են նման բաներ լինել, բայց դրանք կաթիլ են, շարժումը հստակ դրել է իր նպատակները եւ դրանցից մեկը մեղավորներին պատժելն է»,- ասաց նախկին պատգամավորը:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված ԱԺ չորս խմբակցությունների նամակին՝ «Հարսնաքարի» գործով նախաքննական մարմնի հետ հանդիպում կազմակերպելու խնդրով, ապա, Ստեփան Սաֆարյանը նշեց, որ ԱԺ նախագահի՝ նրանց դիմումի մերժումը հիմնավորված է: «Չորս խմբակցությունների նախաքննական մարմնի հետ հանդիպելու առաջարկը խորհրդարանի ղեկավարությունը մերժելու հնարավորություն ուներ, իսկ խորհրդարանական լսումներ պահանջելու պարագայում նրանք մերժելու հնարավորություն չունեն, որովհետեւ լսումների պարագայում ուժերը կարող են այնպես ներկայացնել խնդիրը, որպեսզի այն չվերաբերի նախաքննությանը, գաղտնիությանը: Նախաքննական մարմինը հիմքեր ունենալու էր ասելու, որ կա գաղտնիության սկզբունք եւ դրա շրջանակում ձեռք բերած նյութերը հրապարակման ենթակա չեն»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի միջամտի իրավապահների գործողություններին:

ԱԺ նախագահը պատասխանել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայ ազգային կոնգրես» եւ «Ժառանգություն» խմբակցությունների նամակին, որով խմբակցությունները խնդրել էին հանդիպում կազմակերպել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպի գործը վարող իրավապահների հետ: