ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով հունիսի 29-ին մահացած ՊՆ ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի քառասունքի օրը հայտարարվում է համահայկական մոմավառության օր: Այս մասին այսօր՝ հուլիս 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբը անդամները՝ կոչ անելով Հայաստանի եւ Սփյուռքի եղբայրներին եւ քույրերին հարգել հայորդու, հայոց բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակը:
Մոմավառության անցկացման օրը, ժամը եւ վայրը դեռ չեն հստակեցվել, այդ մասին հավելյալ կհայտարարվի: Չի բացառվում այլ գործողություններ եւս, որոնց մասին եւս կհայտարարվի:
Շարժման նախաձեռնող խմբի անդամներից Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նշեց, որ նախաքննության շրջանակներում հնչած գնահատականները հուշում են, որ այստեղ կա հերթական փորձ՝ վերածելու այդ գործը Պողոս Պողոսյանի սպանության դեպքին: «Այդտեղ եւս վրա հասավ մահը, բայց ամեն ինչ բնութագրվեց մահ ոչ թե ծեծի հետեւանքով, այլեւ դա մեղմացնող պարագաների ընթացքում է եղել: Այստեղ եւս ամեն ինչը ուզում են բերել մաքսիմում հինգից-տասը տարվա պատժամիջոցի եւ ժողովորդի արժանապատվությունը մեկ անգամ եւս նսեմացնելու»,-ասաց նա:
Այդպիսի տպավորություն նա ստացել է այն բանից, երբ ոստիկանության կողմից հնչել են կտրուկ եզրակացություններ՝ ընդամենը մեկ անգամ որպես վկա հրավիրելով Ռուբեն Հայրապետյանին եւ փորձ չանելով ավելի քան ծանրակշիռ հիմքեր ունենալ:
Նախկին պատգամավորը նշեց, որ քաղաքական ուժերը փորձում են կոծկել, իսկ հասարակական ուժերը փորձում են վեր հանել իրականությունը: Նա նշեց, որ իշխող ՀՀԿ-ն ինքն է քաղաքականացնում այդ դեպքը:
Անդրադառնալով այս եւ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» շարժումներին՝ Գարեգին Չուքասզյանը նշեց, որ երկու նախաձեռնությունների մեջ որեւէ հակասություն չկա, նրանք համագործակցում են եւ երկու նախաձեռնությունները սկզբից եղել են: Նախաձեռնող խմբի անդամը նաեւ տեղեկացրեց, որ Վահե Ավետյանի ընտանիքը նոր վարձել է փաստաբանների, որոնք պետք է ծանոթանան նախաքննության նյութերին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:
Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե հրաժարվում է իր պատգամավորական մանդատից:











