Վերջին օրերին տեղացած հորդառատ անձրեւները էլ ավելի են վատացրել Տավուշի մարզի սողանքային գոտում հայտնված Գետահովիտ գյուղի վիճակը: Բնակիչները պատմում են, որ մի քանի նմանատիպ տեղումներից հետո գյուղը հաշված րոպեների ընթացքում հողի տակ կանցնի. «Մենք էլ չգիտենք ինչ անենք, անձրեւի ժամանակ սարսափում ենք, որ պատկերացնում ենք ինչ կարող է լինել….»:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գետահովիտ համայնքի ղեկավարը եւս փաստեց, որ վիճակը էլ ավելի է վատացել. «Հորդառատ անձրեւից հետո ճեղքերն ավելի են լայնացել, ավելի վտանգավոր են դարձել ինչպես մարդկանց ապրելու համար, այնպես էլ բնակարանների համար»,-ասաց նա, հավելելով, որ կան բնակարաններ, որոնց պատերը ամեն անձրեւից հետո փլվում են. «5-6 թաղամասի ջրագիծ անցնում է սողանքաին առավել ակտիվ գոտում տնվող թաղամասով, օրը 10 անգամ եռակցում ենք անում, չի օգնում»:
Գյուղապետը խնդրի մասին արդեն քանի տարի է նամակներ է ուղարկում բոլոր պատկան եւ իրավասու մարմիններին, սակայն կոնկրետ քայլեր մինչ այս պահը չկա, միակ քայլն այն է, որ փաստաթղթի վրա ֆիքսված է, որ վիճակը շատ վատ է: Վերջերս ստացվել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ոււղված նամակի պատասխանը: «Նախատեսված է 2013-2015թ-ին լուծել 95 տնտեսության խնդիր»-ընգծեց գյուղապետը ու հիշեցրեց, որ որեւէ երաշխիք չկա, որ սողանքը կարող է այդքան սպասել. «Սողաքը կարող է պատահել մի րոպեից արդեն ամբողջովին վերցնի, սողանքը չի սպասի…անհրաժեշտ են անհապաղ քայլեր»:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Վաղինակ Հովսեփյանը փոխանցեց, որ իրենց կողմից պարբերաբար մոնիթորինգներ են իրականացվում սողանքային գոտիներում, առավել ուշադրության կենտրոնում է Գետահովիտ համայնքը: «Եղանակային տեղումները ինչ խոսք, նպաստում են սողանքային երեւույթերի ակտիվացմանը, մենք խիստ ուշադրության տակ ենք պահում Գետահովիտ համայնքի սողանքաին գոտին»,- ասաց նա` հավելելով, ցանկացած պահի վտանգը կարող է իրեն մասին զգացնել տալ: Գետահովիտցիները սակայն մի համոզմունք ունեն, ու կառավարությանը խորհուրդ են տալիս նամակներ գրել ոչ միայն իրենց, ալ նաեւ բնությանը` պարտավորեցնել սողանքին սպասել մինչ 2015թ-ը. «Ինչ է նշանակում մի քանի տարի էլ սպասեք, մենք կսպասենք, բայց արդյո՞ք սողանքը կսպասի: Եթե այո, ուրեմն մենք էլի կսպասենք…»:












Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի











