Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը իր ուսանողներին թույլ է տալիս խաղալ սերիալներում միայն 3-րդ կուրսի առաջին կիսամյակից հետո, բացառություններ կարող են լինել միայն, եթե օրինակ՝ Կուստուրիցան գա եւ ֆիլմ նկարի եւ ցանկանա, որ 1-ին կուրսի ուսանողներից մեկը խաղա դրանում: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց անձամբ ռեկտորը Արմեն Մազմանյանը:
«Երբ իմ ուսանողները վատ դերեր են խաղում այդ վատ սերիալներում,ես չեմ ամաչում, որովհետեւ նրանք դա անում են գոնե պրոֆեսիոնալ, իրենք դա անում են ստիպված, որովհետեւ հանապազօրյա հաց է պետք է վաստակել, նրանց խաղով սերիալը չի դառնում այն, ինչ պետք է դառնա»,- նշեց նա:
Ռեկտորի կարծիքով՝ հեռուստատեսությունների տնօրենների փնթիության հետեւանքով, երբ չեն ցանկանում մի քիչ ավել վճարել եւ պրոֆեսիոնալ դերասան բերել, նրանք ում բռնում են փողոցից, բերում են 5000 դրամով խաղում է սերիալում, այդ իսկ պատճառով էլ սերիալների որակը չի փոխվում:
Արմեն Մազմանյանի խոսքով՝ իրենք պայքարում են որակի համար, որպեսզի դիլետանտները դուրս մնան դաշտից, որպեսզի չունենանք վատ հեռուստաեթեր, գովազդ, սերիալներ, այլապես «ինչքան կարելի է տեսնել Կրայսլերի վրա նստած երգչուհի հայրենիքի կամ զինվորի մասին երգելիս»:
Նա նշեց, որ իրենց ինստիտուտում շատ բան է փոխվել: «Արա, աղջի, իջի վրիցս, նման բաներ չկա, մերկ պորտերով ինստիտում ման գալը արգելված է, շատ բան է փոխվել, ես մի քիչ տերթոդիկյան մեթոդը սիրող մարդ եմ, բոլոնյան ազատությունը լավ չեմ հասկանում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ինստիտուտի տեխնիկական խնդիրներին, ապա պետությունը որոշակի ֆինանսական միջոցներ է տրամադրել՝ տեխնիկա ձեռք բերելու համար, եւս 50 հազար դոլար էլ Արմեն Մազմանյանն է ներդրել ինստիտուտի համար տեխնիկա գնելու համար, իսկ այդ գումարը իր մասնավոր բիզնեսից է գոյացել:











