Լոռիի մարզի Ախթալա քաղաքում NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեսախցիկը հուլիսի 25-ին ֆիքսել է, թե ինչպես է մի ընտանիքի բակում 4 օձ բնակվում, առանց որեւէ անհանգստություն պատճառելու տանտերերին: Տան անդամների  փոխանցմամբ, դրանք լորտու են ու արդեն 4 տարի է, ինչ գալիս ու բնակություն են հաստատում իրենց բակի ծաղկանոցում:

«Օձերը սկզբում երկուսն էին, այս տարի արդեն 4 հատ են, ամեն օր բակում ման են գալիս, իրենք մեզ են սովորել, մենք` իրենց»,-NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում մանրամասնել են տանտերերը` չցանկանալով ներկայանալ ու խոսել տեսախցիկի առաջ: Նրանց փոխանցմամբ եթե տարածքում լորտուներ կան, ապա թունավոր օձեր չեն այցելում. «Եթե մեր լորտուները չլինեն, օձերը կլցվեն»:

Նշենք, որ լորտուները թունավոր չեն, իսկ Ախթալա քաղաքն ունենալով բավականին շոգ բնակլիմայական պայմաններ, օձերի համար համարվում է նպաստավոր բնակատեղի:

Տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի