Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը շարունակում է իր համերգային 40-նօրյա շրջագայությունը Ճապոնիայի քաղաքներում:

2001թ. Եվրոպական Երգչախմբային Ֆեդերացիայի կողմից Մշակույթի Դեսպանի տիտղոսին, ապա 2002 – ին Աշխարհի լավագույն մանկական երգչախմբի կոչմանն արժանացած հայ մանուկների խումբն այս անգամ Ծագող արեւի երկրում է կատարում հայ արվեստը տարածելու իր առաքելությունը:

Նախատեսված 18 համերգների մեծ մասն  արդեն կայացել է: Դահլիճները լեփ-լեցուն են, իսկ զուսպ ճապոնացիները հայ երգչախմբին ծափահարում են ոտընկայս, արցունքն` աչքերին:

Դասական, ժամանակակից, հայ հոգեւոր, ժողովրդական, ջազային ստեղծագործություններից  զատ Տիգրան Հեքեքյանը երգչախմբի երգացանկում ընդգրկել է մեծ թվով ճապոնական գործեր, որոնք առավելագույն ոգեւորությամբ են ընդունվում: «Ձեր կատարմամբ «Ֆուրուսատո» (Հայրենիք) երգն անկրկնելի էր, նման մեկնաբանություն ես երբեւէ չեմ լսել», - ճապոնացի դիրիժոր  Տանակա Հիդեյուկին:

Երգչախմբին  անհամբեր սպասում են մյուս քաղաքներում: Նագոյա քաղաքի Աիչի Մշակութային կենտրոնի եւ Օսակայի Սիմֆոնիկ համերգասրահներում տոմսեր արդեն վաղուց չկան:

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի համբավն այնքան մեծ է, որ ճապոնացի ընտանիքները, սեփական քաղաքում համերգի տոմս չկարողանալով ձեռք բերել,  ճանապարհ են կտրում, հասնում այլ քաղաք` հայ երեխաներին ունկնդրելու համար:

Օգոստոսի 10 – ին «Հայաստանի Փոքրիկ Երգիչները» ելույթ կունենան Ճապոնիայի ամենահայտնի աշխարհահռչակ Տոկիոյի Opera City դահլիճում: Տոմսերը սպառվել են ամիսներ առաջ, երբ խումբը դեռ Հայաստանում էր: