Օգոստոսի 31-ին Լոռիի մարզի Ախթալա քաղաքում տեղի ունեցած միջադեպի  պատճառները մինչ օրս անհայտ են Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի անվտանգության պետ, Բոդոլ մականունով Արսեն Չիչյանի ընտանիքի անդամների համար: Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, օգոստոսի 30-ի երեկոյան ահազանգ էր ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Ախթալայի բնակիչ Արսեն Չիչյանը եւ Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը ժամը 18.30-ի սահմաններում հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի վրա, կոտրել մուտքի դուռը` ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, այնուհետեւ վնասել են նշված շենքի բակում կայանված, Կարեն Խաչիկյանի եղբոր՝ Հայկազ Խաչիկյանի «Մերսեդես Բենց» մակնիշի ծառայողական ավտոմեքենան, ինչի հետեւանքով պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Կարեն Խաչիկյանը գալով տուն, իմացել է կատարվածի մասին եւ հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ գնացել Արսեն Չիչյանի` բնակարան, որտեղ դիտավորյալ վնասել եւ մասամբ ոչնչացրել է  նրանց տան գույքը, հարվածներ հասցրել տան անդամներին:

Տեղի  ունեցած միջադեպից նոր մանրամասներ ճշտելու համար NEWS.am-ի Լոռիի թղթակիցն այցելել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության պետ, Բոդոլ մականունով Արսեն Չիչյանի բնակարան եւ զրուցել տան անդամների հետ, որոնց պատմելով Խաչիկյանները մահակներով դաժան ծեծի են ենթարկել իրենց: Արսեն Չիչյանի մոր՝ Նունե Խաչիկյանի պատմելով` ինքը նոր էր վերադարձել աշխատանքից, երբ Կարեն եւ Վաչագան Խաչիկյանները մտել են իրենց տուն ու սկսել վնասել իրենց: «Մենք տանը նստած զրուցում էինք մեր ընտանիքով, մենակ Արսենը չէր տանը, էդ մոմենտին եկան տուն Վաչագանն ու Կարենը, ամենքիս խփեցին, հետո տատիկին խփեցին, ամուսնուս մեջքին խփեցին, ես ուզեցա տատիկին օգնել, եկան ինձ էլ խփեցին (ամաչում է ցույց տալ մարմնի բոլոր հատվածների  կապտուկները-հեղ.), ուզում էի տատիկին բարձրացնել, էդ պահին ամուսնուս էլ խփեցին..»,-ասաց նա: Տիկին Նունեի պատմելով` իրենք երբեք Խաչիկյանների կողմից իրենց ընտանիքին ուղղված ագրեսիվ վերաբերմունք չեն նկատել: Մայրը առողջական խնդիրների պատճառով գործի քննությունից տեղյակ չէ, տեղյակ չէ նաեւ որդու գտնվելու վայրից:

Արսեն Չիչյանի տատի՝ Բավական Չիչյանի պատմելով` երբ Կարենն ու Վաչագանը մտել են իրենց տուն,   Վաչագանին հարցրել է իրենց գալու նպատակը, իսկ հարցին Վաչագանը պատասխանել է ձեռքերը գործի դնելով: «Հրեց էն կողմ, գլուխս էլ կպավ պատին ու ուշագնաց ընկա, գնացել եմ բժշկի, ասեց գլխիս մեջ մազանոթներ ա պայթել, ոչ կարողանում եմ խոսել, ոչ ուտել, էլ ոչ մի բան չեմ հիշում…»,- պատմեց նա, նշելով որ իրեն ոչինչ պետք չէ, ինքը միայն թոռանն է ուզում, մտավախություն հայտնելով, որ գուցե արդեն  «տարած ու սպանած լինեն»: Դեպքի ժամանակ տանն է եղել նաեւ Արսեն Չիչյանի քույրը՝ 21 ամյա Արուսիկ Չիչյանը, ով եւս հաստատում է, որ Վաչագան եւ Կարեն Խաչիկյանները  մտել են իրենց տուն ու անմիջապես սկսել ծեծել իրենց, ջարդելով  տան գույքը: Նրա պատմելով իրեն նույնիսկ փորձել են առեւանգել: «Էդ պահին ինձ բռնեցին ու ուզում էին դուրս տանեին, երեւի ծեծելու կամ չգիտեմ էլ ինչի համար, բայց պապաս ու հարեւանները կանխեցին»,- ասաց նա, նշելով, որ իրենց քայլը Խաչիկյանները պատճառաբանել են այսպես. «Դե որ դուք մեր տան շուշեքն եք ջարդել, մենք էլ ձերն ենք ջարդում, բայց մենք իրենց շուշեքն ենք ջարդել, ոչ թե տան անդամներին ծեծել»:

Քրոջ հավաստմամբ, երբ հարձակվել են Կարեն Խաչիկյանի բնակարանի վրա, Արսենը այնտեղ չի եղել. «Արսենը հետո ա գնացել, որ Էդգարին բերի, ու հասել ա էն մոմենտին, որ Էդգարն ամեն ինչ արել վերջացրել ա, ու հենց էդ պահին էլ մարդիկ  տեսել են Արսենին ու մտածել, որ ինքն է արել»:

Հավելենք, որ փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով:

Օգոստոսի 31-ին որոշում է կայացվել  Էդգար Հախվերդյանին եւ Արսեն Չիչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավել որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում եւ միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին:

Խուզարկությամբ Էդգար Հախվերդյանի տնից հայտնաբերվել էր ինքնաշեն ատրճանակ, իսկ Արսեն Չիչյանի տնից՝ 3 փամփուշտ: Օգոստոսի 31-ին Էդգար Հախվերդյանը կալանավորվել է, իսկ Կարեն Խաչիկյանը՝ ձերբակալվել:

 

Էդվարդ Արզումանյան

Լուսանկարները եւ տեսանյութը՝ հեղինակի