Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն ունեն միայն այն անօթեւան ընտանիքները, ովքեր մինչեւ 2008 թվականի նոյեմբերի 1-ը կարողացել են ամբողջացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթները, հանձնել են քաղաքապետարան եւ հաշվառվել են երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում:

«Շիրակ կենտրոնի» դիտարկումներով` ներկա պահին Գյումրիում ավելի քան 200 անօթեւան ընտանիք թեեւ երկրաշարժի հետեւանքով կորցրել են բնակարաններ եւ մինչ օրս պետության կողմից չեն փոխհատուցվել, սակայն անօթեւանների հերթացուցակում հաշվառված չեն, ինչի պատճառով դուրս են մնացել աղետի գոտում անօթեւան ընտանիքների համար իրականացվող բնակաբաշխման գործընթացից:

Այդպիսի ընտանիքներից է նաեւ միայնակ մայր Հերիքնազ Մարկոսյանի ընտանիքը, ով իր երկու անչափահաս երեխաների եւ տարեց մոր հետ բնակվում են «Անի» թաղամասի շենքերից մեկի ձեղնահարկում: Նրանց ընտանիքը դուրս է մնացել բնակբաշխման գործընթացից միայն այն պատճառով, որ 2008 թվականին Գյումրիում անօթեւան ընտանիքների հաշվառման ժամանակ, Հերիքնազի մայրը գտնվել է կալանավայրում, ինչի պատճառով նրա անձնական փաստաթղթերին աղջիկը չի տիրապետել ու քաղաքապետարանի կողմից հերթագրման համար պահանջվող փաստաթղթերի փաթեթը չի կարողացել ամբողջացնել: Իսկ քաղաքապետարանը հրաժարվել է մասամբ համալրված փաստաթղթերով փաթեթները ընդունել անօթեւան ընտանիքներից եւ հաշվառել հերթացուցակում: Ներկայումս այդ ընտանիքը ժամանակավորապես եւ անորոշ վիճակում ապրում է «Անի» նորակառույց թաղամասի բազմահարկերից մեկի, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ ձեղնահարկում, կամ, որ առավել մոտ է իրականությանը` տանիքում: