Խանջյան 20 հասցեում կեսօրին տեղի ունեցած փլուզման փաստի առթիվ, որի հետեւանքով 11 մարդ մնացել էր փլվածքի տակ, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հատկանիշներով (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը):Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Այսօր դեպքի վայր էր ժամանել նաեւ օպերատիվ քննչական խումբը, որոնք ուսումնասիրություններ էին կատարում: Գործը քննվում է Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում: Հարուցված քրեական գործի շրջանակներում կնշանակվի համապատասխան փորձաքննություններ, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել փլուզման պատճառների մասին:

Նշենք, որ 157-րդ հոդվածով սահմանվում է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը:Հոդվածում նշվում է, որ  տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը` դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իսկ եթե արարքը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ վեց մարտական հաշվարկ:

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետեւանքով փլատակների տակ է մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադ: Այժմ պարզվել է 9 տուժածի ինքնություն` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթեւոսյան եվ Սիրակ Թովմասյան, Էդիկ Սուքիասյան (30 տ.) եւ Ռոբերտ Առաքելյան (53 Տ.):

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, սիկ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը այցելել է հիվանդանոց` տուժածներին:

Լուսանկարները՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am