Մոսկովյան փողոցի խցանումները Պուշկինի անվան դպրոցի դիմաց տիրող իրավիճակի պատճառով շարունակվում են։
Թեեւ NEWS.am-ը բազմիցս անդրադարձել է այս հարցին, իրավիճակը չի շտկվում՝ ծնողները շարունակում են խախտել երթեւեկության կանոնները, կայանելով իրենց մեքենաները երկրորդ շարքում։ Նշենք, որ այն հանգամանքը, որ վարորդները միացնում են մեքենայի անսարքության ազդանշանը, ամենեւին չի պակասեցնում նրանց պատասխանատվության աստիճանը, քանի որ մեքենաներն իրականում անսարք չեն։
Օբյեկտիվ լինելու համար նշենք, որ Մոսկովյան փողոցի ամբողջ երկայնքով ազատ կայանատեղ գտնելը գրեթե անհնար է։ Սակայն նշանակո՞ւմ է դա արդյոք, որ ճանապարհային ոստիկանությունը պետք է տարիներ շարունակ աչք փակի այս խախտումների վրա, եւ որ դրա գինը պետք է վճարեն խցանումներում թանկարժեք ժամանակը վատնող վարորդներն ու ուղեւորները։ Ժամանակը չէ՞ արդյոք, որպեսզի Պուշկինի անվան դպրոցի ղեկավարությունը քաղաքապետարանի հետ միասին լուծում գտնի այս հարցին։











