Ադրբեջանը հույս ունի ուժային եղանակով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը հիշեցրել է, որ նախորդ տարվա ամռանը ե՜ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ե՜ւ միջազգային հանրությունը մի պահ եկան եզրակացության, որ Հայաստանն Ադրբեջանի հետ պայմանավորվել է հիմնարար սկզբունքների շուրջ, բայց Կազանի հանդիպումը, որպես լակմուսի թուղթ, անմիջապես ցույց տվեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի լուծմանը: Իսկ Կազանի հանդիպմանն Ադրբեջանի կողմից առաջ քաշված նոր պահանջներն անսպասելի էին եւ Հայաստանի, եւ համանախագահների համար:
«Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ իրականում Ադրբեջանը համաձայն չէ այդ երեք սկզբունքներին: Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական կարողությունները, բայց, թեեւ այդ ամենին, մենք խաղաղ բանակցություններին այլընտրանք չենք տեսնում, որովհետեւ այլընտարնքը ռազմական գործողություններն են, իսկ մենք ոչ մի դեպքում չէինք ցանկանա, որպեսզի ռազմական գործողությունները վերսկսվեին: Գիտե՞ք, խնդրի էությունը ԼՂ ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար»,-հիշեցրել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, վերջին տարում կատարված իրադարձությունները եւս մեկ անգամ հաստատել են այն, ինչի մասին ղարաբաղցիներն այդ 70 տարիների ընթացքում հայտարարում էին, որ իրենք ապագա չունեն Ադրբեջանի կազմում:
«Հասկանում եք, եթե ամեն օր այդ մարդիկ Ադրբեջանի ղեկավարությունից լսում են, որ հայերը ադրբեջանցիների թշնամիներն են, որ Երեւանը, որը մոտ ապագայում նշելու է իր 2800-ամյակը, «բնիկ ադրբեջանական հող է», երբ այդ մարդիկ լսում են, որ մարդասպանին հերոսացնում են, աշխատավարձ նշանակում (նկատի ունի քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին), ապա այդ ժողովուրդը լսել անգամ չի ուզում եւ որեւէ առնչություն չի ունենա Ադրբեջանի հետ»:
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորն է եւ եթե իրականում այդ արկածախնդրությունը, որն այսօր ձեռնարկվել է, մտնի ռազմական գործողությունների փուլ, ապա հայերն իրենց բոլոր ուժերով կպաշտպանեն ԼՂ բնակչությանը:
«Կարող է հարց ծագել, որ Ադրբեջանը տնտեսապես ավելի ուժեղ է, Ադրբեջանում բնակչությունը շատ է... բայց, նախ, դրանք ամենագլխավոր պայմանները չեն, երկրորդ, ես չեմ կարծում, որ Հայաստանի բնակչության կամ հայության թեկուզ որեւէ տոկոսը կհամաձայնի որեւէ ճնշման ներքո զիջել Ղարաբաղը: Ուստի, իրականում, մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել Ղարաբաղը:
Ես կարծում եմ, որ եթե, Աստված չանի, նման բան տեղի ունենա, մենք ռազմական գործողությունները դադարեցնելու պարտադրման մեթոդները կգտնենք: Բացի այդ, մենք նման դեպքերում, իհարկե, կանոնների համաձայն, կդիմենք մեր ռազմաքաղաքական դաշնակիցներին, որը նախատեսված է մեր միջպետական պայմանագրերով»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Հարցին, թե Ադրբեջանի հետ «շփման եզրեր» տեսնո՞ւմ է, Հայաստանի նախագահը դրական պատասխան է տվել: «Այո, իհարկե, կարծում եմ, որ Կազանի փաստաթուղթը դեռեւս սեղանի վրա է, ուստի ես հույս ունեմ, որ, բոլոր դեպքերում, մենք ինչ-որ որոշման կգանք: Մենք պարզապես պարտավոր ենք որեւէ որոշման հանգել, որովհետեւ ռազմական գործողությունները ձեռնտու չեն ոչ մեզ, ոչ՝ Ադրբեջանին: Ես չեմ կարծում, որ ադրբեջանցի զինվորները ցանկանում են պատերազմել, չեմ կարծում, որ ադրբեջանցի ժողովուրդը ցանկանում է պատերազմել: Ի դեպ, մենք ոչ մի ժողովրդի թշնամի չենք համարում»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ ցավոք, ադրբեջանցիների ուղեղներում ցանկանում են մտցնել «հայ թշնամու» կերպարը:











