Իմ հասցեին հնչող քննադատությունը բավական թույլ է, եւ ես նորմալ եմ վերաբերվում դրան: Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ի մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով իր վարած քարոզարշավի հասցեին հնչած քննադատությունները:
«Իմ հասցեին քննադատությունը կարող էր ավելի դիպուկ լինել, ցանկացած քննադատություն ուժ է տալիս ինձ», - վստահեցրել է Հովհաննիսյանը:
Ըստ նրա գնահատականի՝ փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունները առանձնահատուկ կլինեն այն առումով, որ ժողովուրդը պայքարելու է ոչ միայն իշխանության դեմ, այլեւ իր երկիրն իրեն վերադարձնելու համար: «Այս ընտրությունները կլինեն ամենամրցունակը, եւ չի բացառվում, որ կլինի ընտրությունների երկրորդ փուլ: Ես համամիտ չեմ տարածված այն կարծիքին, թե ընտրությունների արդյունքները կանխորոշված են: Ոչ ոք իրավունք չունի հիասթափեցնել ժողովրդին եւ նրան զրկել հույսից», - նշել է նախագահի թեկնածուն:
Նախընտրական քարոզչության ընթացքում Հովհաննիսյանն այցելել է նաեւ Հայաստանի Շախմատի ֆեդերացիա, զրուցել շախմատիստների հետ: Ի պատասխան լրագրողների հարցին, թե ընտրություններում իր հաղթանակի դեպքում Ֆեդերացիայի նախագահի պաշտոնից նա արդյոք կհեռացնի Սերժ Սարգսյանին, Հովհաննիսյանը նշել է. «Ես դեմ եմ, որ որեւէ պաշտոնյա նախագահ լինի գիտության, սպորտի եւ կրթության ոլորտում: Թոշակի անցնելուց հետո պաշտոնյան կարող է նման պաշտոններ զբաղեցնել»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am











