Անկարգություններ են սկսվել եգիպտական Պորտ Սայիդում, որտեղ հունվարի 26-ին մահվան են դատապարտվել մարզադաշտում նախորդ տարվա սպանդի 20-ից ավելի մասնակիցներ։ Բանտարկյալների հարազատներն ու բարեկամները փորձել են գրոհել բանտի վրա, արդյունքում, ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների, երկու ոստիկան է զոհվել։ Որոշ լրատվամիջոցների տվյալով՝ զոհերի թիվն ավելի մեծ է։ «Ինտերֆաքսը», վկայակոչելով հատուկ ծառայությունների աղբյուրին, հայտնում է ութ զոհերի մասին։ Քաղաք զորքեր են բերվել, ըստ Al-Arabiya-ի՝ Պորտ Սայիդի բոլոր մուտքերն արգելափակված են։
Al-Jazeera-ն հայտնել է, որ Եգիպտոսի ազգային անվտանգության խորհուրդն արտակարգ խորհրդակցություն է գումարում՝ երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի գլխավորությամբ։
Հունվարի 26-ին Պորտ Սայիդի դատարանը մահվան է դատապարտել «պորտսայիդյան ողբերգության» գործի 21 մեղադրյալ եգիպտացիների։
Հիշեցնենք, 2012թ. փետրվարին «Ալ Մասրի» (Պորտ Սայիդ) եւ «Ալ Ահլի» (Կահիրե) ֆուտբոլային ակումբների հանդիպման ընթացքում երկրպագուների միջեւ զանգվածային կռիվ էր սկսվել, որը 70-ից ավելի մարդու մահվան էր հանգեցրել։ Դատական գործում ներգրավված է 73 մարդ, որոնցից ինը՝ ոստիկան։
Մնացածների դատավճիռը կկայացվի մարտի 9-ին։











