Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ այսօր` հունվարի 29-ին բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջեւ` պահանջելով պետական այդ ինստիտուտն ազատել կեղծարարներից (ֆոտոռեպորտաժ):
Ակտիվիստները «Սա մեր պետական հաստատությունն է, ազատեք այն կեղծարարներից» գրառումներով պաստառներ էին պահել: Ակտիվիստ, ծրագրավորող Արթուր Ղազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, թե իրենց նպատակն է, որ ԿԸՀ-ն որպես պետական կառույց ազատվի կեղծարարներից, որոնք տարիներ շարունակ վավերացնում են ընտրակաշառքներով, ահաբեկումներով, վարչական ռեսուրսների կիրառմամբ ընթացող ընտրությունները:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն, Արթուր Ղազարյանը նշեց. «Այս ընտրությունները պետք է նախորդների պես չլինեն, եւ Տիգրան Մուկուչյանը պետք է հրաժարական տա ամբողջ անձնակազմի հետ: Նա պետք է հրաժարական տա, որովհետեւ երկու նախորդ նախագահները ինչ-որ առողջական խնդիրներ են ունեցել, սրտի կաթվածի պատճառով մահացել էին: Մենք չենք ուզում, որ այս անգամ նման բան կատարվի»:
Հարցին, թե ինչ կանխատեսումներ ունի առաջիկա նախագահական ընտրություններից, Արթուր Ղազարյանը պատասխանեց. «Ռեժիմը կազմակեպել եւ թույլ չի տվել կուսակցություններին մասնակցել այդ ընտրություններին, առաջադրել է մի քանի կեղծ թեկնածուներ, որոնք խանգարում են ընդդիմադիր դաշտի միավորմանը: Իմ կարծիքով այս ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուները լեգիտիմացնում են Սերժ Սարգսյանի իշխանությունն ու վերընտրությունը, բացի Անդրիաս Ղուկասյանից, ով դիմել է անձնազոհ քայլի եւ փորձում է իրավիճակը շտկել, եւ վերադարձնել ժողովրդի իրավունքը»: Հարցին, թե որքանով է արդյունավետ Անդրիաս Ղուկասյանի հացադուլը, քաղաքացիական ակտիվիստն ասաց. «Դա պայքարի քաղաքական միջոց է` ընդունված ամբողջ աշխարհում: 88 թվին` մեր ժողովրդի զարթոնքի պահին տասնյակ հացադուլավորներ Օպերայում փլեցին հզոր Սովետական կայսրության մեծ մեքենն: Այսօր այս քրեաօլիգարխիկ մեքենան փլելու միակ ձեւը ժողովրդի ընդվզումն է եւ նաեւ հացադուլները որպես պայքարի միջոց»:
ՀՀ քաղաքացի Կարեն Հարությունյանն էլ նշեց, որ իրենք ցանկանում են ԿԸՀ-ին փոխանցել, որ սա պետական ինստիտուտ է, որը պետք է պահպանի Սահմանադրությունն ու օրենքները, այլ ոչ հակասահմանադրական ձեւով ծառայեն որեւէ կուսակցության կամ անձի: «Ընտրակեղծարարությունը պետական հանցագործություն է, հանցագործություն ժողովրդի դեմ: Մենք նրանք հնարավորություն ենք տալիս, որ գիտակցեն եւ ազատեն պետական հաստատությունը, որ հետագայում կարողանան նայել ժողովրդի աչքերին»,- նշեց նա:
Նշենք, որ ԿԸՀ-ից հրաժարվեցին մեկնաբանել բողոքի ակցիան` նշելով, որ ակտիվիստներից գրավոր կամ բանավոր կարգով որեւէ պահանջ չեն ստացել:
Ի դեպ, ակցիայի ողջ ընթացքում կանգնած էր տարեց մի կին, ով հայտնի է կառավարության շենքի առջեւ բողոքողների հետ պարբերաբար կռիվներ հրահրելով: Այս անգամ էլ նա փորձում էր վիրավորել ակցիայի մասնակիցներին, սադրանքներ հրահրել: Ի վերջո, ոստիկանները ստիպված էին կնոջը հետ քաշել, թեեւ նա մինչեւ վերջ մնաց` «Ապահով Հայաստան» վանկարկելով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











