Բազմաթիվ լրագրողներ, քաղաքական գործիչներ ու պարզապես շարքային քաղաքացիներ այսօր` հունվարի 30-ին երթ են անցկացրել Երեւանի փողոցներով` ի պաշտպանություն «Ժողովուրդ» օրաթերթի (ֆոտոռեպորտաժ):
Օրաթերթը դատական վեճերի մեջ է գործարար Խաչիկ Խաչատրյանի հետ, ով թերթից 3 մլն դրամ է պահանջում, իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արգելանք է դրել թերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սոնա Գրիգորյանը նշեց, թե իրենք պահանջում հանել արգելանքը, որպեսզի թերթը կարողանա շարունակել իր բնականոն գործունեությունը: «Մենք պայքարելու ենք, որ մեր գործունեությանը չկարողանան խոչընդոտել ինչ-որ գործարարներ, որոնք ամեն կերպ փորձում են լռեցնել մեզ: Իրենց մոտ դա չի հաջողվելու»,- նշեց նա:
Երթին մասնակցեցին նաեւ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ազատամարտիկներ Սասուն Միքայելյանն ու Սմբատ Այվազյանը, Հայ ազգային կոնգրեսի անդամներ Գուրգեն Եղիազարյանն ու Պետրոս Մակեյանը, նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, իրավապաշտպաններ, լրագրողներ եւ այլք, որոնք «Ժողովուրդը «Ժողովուրդ» օրաթերթի հետ է», «Թույլ չենք տա, որ ժամկետանց ձու վաճառողը դատարանի վրա իշխի» եւ այլ գրառումներով պաստառներ էին պահել:
Լրագրողների հետ զրույցում թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը նշեց, թե ցանկացած պահի ԴԱՀԿ-ն կարող է մտնել խմբագրություն, վերցնել գույքը` խոչընդոտելով թերթի գործունեությունը:
Օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանը կարդաց իրենց հայտարարությունը, որում, մասնավորապես ասվում է. «ՀՀ քաղաքացին չի կարող նահանջել օլիգարխների առջեւ: Գործարար լինելը դեռ չի նշանակում ամենակարող լինել»: Նա նաեւ ներկայացրեց վեճի նախապատմությունը, ըստ որի «Ժողովուրդ» օրաթերթը անցած տարվա դեկտեմբերին ստացել էր տեղեկություն, որ ԵԹՖ-ն ժամկետանց ձվեր է վաճառում, զանգահարել է Խաչիկ Խաչատրյանին` ճշտելու տեղեկությունը: «Ժողովուրդ» օրաթերթը որոշել է հրապարակել լուրը, քանի որ այն ավելի քան արժանահավատ էր: Դրանից երկու ամիս առաջ սննդի անվտանգության տեսչությունը ստուգումներ է իրականացրել ԵԹՖ-ում եւ հայտնաբերել է մատակարարած ժամկետանց ձվեր: Այս լուրի հրապարակումից հետո, ըստ թերթի, այլ տեղեկություն է ստացվել, որ Խաչիկ Խաչատրյանը ՊԵԿ-ում աղմկել ու կռիվ է արել: Սոնա Գրիգորյանը զանգել է խաչատրյանին, ով ցուցաբերել է անհավասարակշիռ պահվածք եւ հայհոյանքի լեզվով վիրավորել լրագրողին: Օրաթերթը դիմել է դատարան` պահանջելով ներողություն խնդրել: Ճախատրյանն իր հերթին դիմել է դատարան` թերթից 3 մլն դրամ պահանջելով: Դատարանն էլ, ըստ հայտարարության, արգելանք է դրել գույքի վրա:
Հայտարարության հրապարակումից հետո երթի մասնակիցները «Արդարություն» վանկարկումներով շարժվեցին դեպի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան: Կառավարության շենքի առջեւ երթի մասնակիցները կանգ առան եւ բարձրախոսով ներկայացրին իրենց պահանջը, իսկ դատարանի մոտ տեղի ունեցավ կարճ ակցիա, որի ընթացքում ելույթ ունեցան Գուրգեն Եղիազարյանը, թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը:
Այնուհետ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը դատարանին հանձնեց նամակը, որով դատավոր Ռուբեն Ափինյանից պահանջում էին հանել գույքի վրա դրված արգելանքը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











