Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն արդեն 10 օր ձգվող հացադուլը շարունակելու է մինչեւ ընտրությունների ավարտը: Այդ մասին այսօր` հունվարի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է նախագահի թեկնածուն:
«Հացադուլը շարունակելու եմ մինչեւ ընտրությունների ավարտը, այսինքն 30-35 օր: Նա նշեց, որ օրուգիշեր անցկացնում է Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց, եւ այդ պայմաններում կարող են հիգիենայի խնդիրներ առաջանալ, ուստի թեկնածուն մտադիր է հացադուլի 15-րդ օրը երկու ժամով տուն գնալ, լողանալ, փոխել հագուստները: Նա նույնիսկ առաջարկեց, որ լրագրողներից մեկը ուղեկցի իրեն` հավաստիանալու, որ չի խախտում հացադուլի պայմանները:
Անդրիաս Ղուկասյանի փոխանցմամբ վերջին մի քանի օրերը եղանակային պայմանների պատճառով բավական բարդ էին, սակայն ինքն ու Շանթ Հարությունյանը «անցան այդ օրերի միջով»: «Շանթ Հարությունյանի աջակցությունը մեծ նշանակություն ունեցավ ինձ համար: Հայաստանի համար մտածող ուժերը պետք է միավորվեն, քրեաօլիգարծիկ ռեժիմը հենց այնպես չի հանձնելու իշխանությունը»,- նշեց թեկնածուն:
Շանթ Հարությունյանն իր հերթին նշեց, թե անկախ կուսակցական եւ գաղափարական տարաձայնություններից բոլորը պետք է միավորվեն` ժողովրդին ստրկական վիճակից հանելու համար:
Հացադուլավոր գործիչները նույնիսկ կատակում էին` ներկայացնելով իրենց գաղափարական տարաձայնությունները: «Ես ասում եմ` իշխանափոխություն բոլոր միջոցներով, Անդրիասը` իշխանափոխություն միայն օրինական միջոցներով»,- ասաց Շանթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է հայտարարել ԳԱԱ շենքի դիմաց եւ պահանջում է, որպեսզի իշխող ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանը դուրս գա ընտրապայքարից: Հունվարի 28-ին նրա հացադուլին է միացել նաեւ նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: Հունվարի 25-ին եռօրյա հացադուլով նախագահի թեկնածուին էր միացել նաեւ նախագահի մեկ այլ թեկնածու` Պարույր Հայրիկյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











