Տպագրիչների 9 հասցեում երեկ` հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում մահափորձի ենթարկվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ տեղափոխված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիրահատությունն ավարտվել է, բայց նա դեռ չի արթնացել: Այս մասին, այսօր` փետրվարի 1-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
Նա շնորհակալություն հայտնեց բոլորին գալու համար, միեւնույն ժամանակ խնդրեց աղմուկ չբարձրացնել, մուտքից հեռու գնալ: Փաստաբանը շեշտեց, որ այսօր տեսակցությունը բացառված է: «Վիրահատությունը նորմալ է անցել պարոն Հայրիկյանն իրեն նորմալ է զգում, անգամ հումոր է անում»,- ասաց Լեւոն Բաղդասարյանը:
Նա նշեց, որ նախագահի թեկնածուն միջադեպի հետ կապված որեւէ բան չի ասել, երկուշաբթի մամուլի ասուլիս կհրավիրեն եւ մանրամասն կներկայացնեն:
Հարցին, թե դիմելո՞ւ են ընտրությունների հետաձգման համար, Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց, որ դա որոշելու է Պարույր Հայրիկյանը՝ կախված իր առողջական վիճակից, առայժմ նա որոշում չունի:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել իր իսկ տան դիմաց: Դեպքի վայր էր մեկնել նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, քիչ առաջ ավարտվել է վիրահատությունը:
Հիվանդանոցում ԱԻՄ առաջնորդին այցելել են բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլք, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը,ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











