ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին Տպագրիչների 9 հասցեում երեկ` հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում կրակել են հենց իր տան մուտքի մոտ` Տպագրիչների 9 հասցե: NEWS.am-ի թղթակիցն այսօր` փետրվարի 1-ի առավոտյան այցելել է դեպքի վայր, որտեղ հարեւանները նրան պատմել են, որ կրակոցի ժամանակ Հայրիկյանը գոռացել է «օգնություն, օգնություն»: Հարեւաններից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ օգնության կանչն է լսել, ոչ թե կրակոցի ձայնը, եւ անմիջապես շտապել է ներքեւ: Հարեւանները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նաեւ, որ նախագահի թեկնածուն վիրավոր վիճակում հասցրել է մուտքի մոտից բարձրանալ եւ հասնելով երկրորդ հարկի ճաղավանդակներին ` պառկել է այնտեղ: Հարեւանները պատմում են, որ երբ մոտեցել են Հայրիկյանին, նա ամբողջությամբ արյունատոված է եղել, խնդրել է, որ շտապօգնություն կանչեն, այնուհետեւ անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
Ի դեպ, Պարույր Հայրիկյանին բնութագրել են որպես շատ լավ հարեւան եւ նրա նկատմամբ կատարված մահափորձը կապում են քաղաքականության հետ:
NEWS.am-ի թղթակիցը բարձրացել է նաեւ Պարույր Հայրիկյանի բնակարան, թեեւ նրանց բնակարանի լույսը վառվում էր, բայց դուռը չբացեցին, նրա տան մուտքը թե ամբողջ գիշեր, թե ներկա դրությամբ շարունակում են վերահսկել ոստիկանները:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել իր իսկ տան դիմաց: Դեպքի վայր էր մեկնել նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցում ԱԻՄ առաջնորդին այցելել են բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլք, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը,ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:




























