Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսն ուսումնասիրում է նոյեմբերի 29-ին համընդհանուր ընտրություններ նշանակելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է el Diario թերթը՝ հղում կատարելով նախարարների կաբինետի աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ նման հնարավորությունը դիտարկվում է այն համատեքստում, որ որոշ քաղաքական ուժեր հրաժարվում են աջակցել բնակարանային հարցերին վերաբերող՝ նախարարների խորհրդի կողմից հաստատված հրամանագրերին։ Ինչպես նշվել է, որոշումը մասամբ կախված կլինի նրանից, թե ինչ տեղի կունենա խորհրդարանում նախաձեռնությունների քննարկման ընթացքում, ինչպես նաև հասարակության արձագանքից։
Սեպտեմբերի 29-ին Իսպանիայի կոալիցիոն կառավարությունը բնակարանային ոլորտում հաստատել է երկու հրամանագիր՝ այս ոլորտում ստեղծված իրավիճակի պատճառով աճող հանրային դժգոհության ֆոնին։ Մասնավորապես, երկրի տարբեր քաղաքներում անցկացվել են բողոքի ակցիաներ, Մադրիդի կենտրոնական հրապարակում հարյուրավոր մարդիկ վրանաճամբար են հիմնել։
Իսպանիայում հերթական համընդհանուր ընտրությունները նախատեսված են 2027 թվականին։





























