Տպագրիչների 9 հասցեում երեկ` հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում մահափորձի ենթարկվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ տեղափոխված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին վիրահատարանից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրան այցելած ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք բժշկից  ճշտեցինք, որ վիրահատությունը հաջղ է անցել, գնդակն ուսից հեռացվել է, հեմատոմաները մաքրել են, թեեւ պարոն Հայրիկյանը դեռ նարկոզից դուրս չի եկել բայց ինքնազգացողությունը բժիշկները գնահատում են նորմալ եւ կարծում ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում կգնա դեպի ապաքինման»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով տեղի ունեցածի պատճառների մասին, Զոհրաբյանն ասաց. «Ես ինքս անձնապես, իմ գործընկերների հետ էլ խոսում էինք, որեւէ իրական տեսանելի վարկած կատարվածին ուղղակիորեն հնարավոր չի գտնել: Իրավապահ մարմինները խոստացել են շատ օպերատիվ պարզաբանումներ տալ, պարզել իրականությունը: Հույս ունենանք, որ շատ կարճ ժամանակահատվածում մենք կստանանք իրապես բոլորիս հուզող հարցերի պատասխանը»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը` շեշտելով, որ ցանկացած վարկած կյանքի իրավունք ունի, եւ  դա իրավապահ մարմինների խնդիրն է»,-ասաց նա:

Պարույր Հայրիկյանին այցելած  «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւս նրան մաղթեց արագ ապաքինում: «Մի բան պարզ է, որ սա հենց այնպես չի կատարվել ու թիրախն էլ պատահական ընտրված չէ:  Լուրջ խնդիր է ստեղծվում մեր պետականությանը, կարծում եմ, որ ժամանակն է հետռեւության անել, թե ում շահերից է սա բխում, դրանից հետո ելքը կգտնվի»,- նշեց նա, հավելելով, որ հնարավոր է «այս ամենը դրսի խոշոր խաղեր լինեն, հնարավոր է փոխկապակցված է»:

Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել  իր իսկ տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: