Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում մահափորձի ենթարկվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում երեկ վիրահատված Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին քիչ առաջ այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա այցից հետո Պարույր Հայրիկյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Սահմանադրական դատարան դիմել, չդիմելու հետ կապված նա երկու օրից հանդես կգա հայտարարությամբ:

Հայրիկյանը նշել է, որ իրեն լավ է զգում, սպասվածից էլ լավ: Եւ մեկ անգամ նա շեշտել է, որ կրակոցը իր դեմ չէր, այլ Հայաստանի պետության եւ պետականության:

Նշենք, որ առավոտյան Պարույր Հայրիկյանը ոտքով դուրս է եկել Վերակենդանացման բաժանմունքից, զրուցել հավաքվածենրի հետ: Դրանից հետո նրան այցելողները տեսակցության հնարավորություն չեն ունեցել, քանի որ նախագահի թեկնածուն ասել էր, թե այժմ հանգստանում է եւ չի ցանկանում որեւէ մեկին տեսնել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am