Քիչ առաջ Պարույր Հայրիկյանը ժամանել է մամուլի ասուլիս վայր, որտեղ նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայրիկյանը չի դիմելու Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու խնդրով:
«Ես ներկա եմ ոչ միայն քաղաքական դաշտում, այլեւ ֆիզկապես, թող ամեն հայ իմանա, որ ոչինչ չի կարող շեղել քաղաքական դաշտը»,-հայտարարել է Հայրիկյանն ու հավելել. «Հասկանում եմ, որ դա ահաբեկչություն էր իմ նկատմամբ: Փորձել են սպանել ժողովրդի արժեքները՝ ժողովրդավարություն, անկախություն, ինքնորոշում:
«Եկա ասեմ, որ կամ: Գիտեմ որ ինձ սիրում եք, դրա տասնապատիկն էլ ես եմ ձեզ սիրում, առանձնապես հարցերի չեմ պատասխանելու»,-ասաց նա:
Պարույր Հայրիկյանը շարունակում է քարոզարշավը, ինչպես ինքն է ասում՝ արդեն գործի մեջ է: «Ես Տիրոջ կամքով կենդանի եմ մնացել, բայց դա չի նշանակում, որ դիմացինը սխալ էր»,- ասաց Հայրիկյանը:
Անդրադառնալով իր հասցեին նախագահի մյուս թեկնածուների մեղադրանքներին ՝ նա կոչ է արել բոլոր թկենածուներին «նայել իրենց տարիքը եւ նայել, թե այդ տարիքում Հայրիկյանը ինչով էր զբաղված, հետո նոր միայն հիմարություններ դուրս տալ»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայրիկյանը չի դիմելու Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու հարցով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հաջողությամբ վիրահատել են:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











