Կորժիկը վերադարձրել է Հանովերում Bahlsen հրուշակեղենի ընկերության գլխավոր գրասեյակի կենտրոնակայանից առեւանգված խորհրդանիշը՝ ոսկե թխվածքաբլիթը:
The Local-ը հայտնում է, որ կարմիր երիզով պատված ոսկե թխվածքաբլիթը հայտնվել էր Հանովերի համալսարանի մուտքի մոտ գտնվող ձիու քանդակի պարանոցին: Ոստիկանությունում պարզում են` արդյոք դա Bahlsen ընկերության կորած խորհրդանիշն է:
Փետրվարի 5-ին հաղորդվել էր, որ առեւանգիչը հրուշակեղենի ընկերությանը նամակ էր ուղարկել:
«Վերնին (Վերներ Միխայել Բալսեն` ընկերության ղեկավար) ինձանից պակաս չի սիրում այդ թխվածքաբլիթը, եւ այժմ անընդհատ լալիս է, այդ պատճառով էլ ես կվերադարձնեմ այն» - գրել էր Կորժիկն իր երկրորդ նամակում, հաղորդում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ օրերս Հանովերում գողացել էին Bahlsen ընկերության խորհրդանիշ ոսկե թխվածքաբլիթը, որն արդեն հարյուր տարուց ավելի կախված էր ընկերության կենտրոնական շենքի մոտ: Hannoversche Allgemeine Zeitung թերթի խմբագրությունը, ինչպես նաեւ Bahlsen ընկերության աշխատակիցները նամակ էին ստացել ենթադրյալ առեւանգիչից, ով «Սեզամի փողոցը» մանկական հաղորդման հերոսներից մեկի` «Թխվածքահրեշի» (Cookie Monster) հագուստով էր եղել:
Վերջինս պահանջում էր թխվածք ուղարկել Հանովերի մանկական հիվանդանոց, իսկ խորհրդանիշը վերադարձնողին խոստացած հազար եվրո պարգեւավճարը փոխանցել կենդանիների կացարանին:
Նամակում ասվել էր, որ եթե Թխվածքահրեշի պահանջը չկատարվի, ոսկեզօծ խորհրդանիշը կտան աղբարկղում ապրող կանաչ հրեշ «Օսկար»-ին:
Bahlsen-ի ղեկավարը պատասխան նամակում խոստացել է 52 հազար տուփ թխվածք ուղարկել մի քանի կազմակերպության, եթե խորհրդանիշը հնարավորինս շուտ վերադարձվի:











