Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը որոշել է այլեւս չանդրադառնալ իր առողջական վիճակին: Քիչ առաջ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ իր առողջական վիճակի վերաբերյալ որեւէ հարցի չի պատասխանելու եւ այդ հարցով դիմենք հերթապահություն իրականացնող բժիշկներին:
Նա նաեւ նշեց, որ իր հետ միայն կարելի է քննարկել քաղաքական հարցեր: 24-ժամյա հերթապահություն իրականացնող շտապօգնության բժիշկները հրաժարվեցին որեւէ նորություն հայտնել նրա առողջական վիճակի վերաբերյալ: Անդրեաս Ղուկասյանը չհայտնեց նաեւ, թե երբ է պատրաստվում անալիզներ հանձնել:
Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանին ուղղված Պարույր Հայրիկյանի առաջարկին, որ մեկ միասնական թեկնածուով հանդես գան: Ի պատասխան Ղուկասյանն ասաց, որ միասնական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ ինքը իր տեսակետը հայտնել է դեռեւս հունվարի 12-ին: Անդրադառնալով ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու հնարավորությանը` Անդրեաս Ղուկասյանը ասաց, որ դա կորոշվի Բաղրամյան 26-ում` կապված, թե ճգնաժամը որքան է խորանում:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել ԳԱԱ-ի առաջ եւ պահանջում է, որպեսզի չեղյալ հայտարարվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: Հացադուլի ընթացքում պարբերաբար նրա առողջական վիճակը վատանում, ապա` կայունանում է: Նա սահմանափակել է շփումը լրագրողների հետ, փորձում է հնարավորինս քիչ խոսել եւ խնայել ուժերը: Նախագահի թեկնածուի մոտ շուրջօրյա հերթապահություն են իրականցնում ոչ միայն նրա շտաբի ներկայացուցիչները, այլեւ «Շտապօգնության» բրիգադը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











