Վերջին օրերին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը շատ էր տատանվում՝ դիմել Սահմանադրական դատարան, թե` ոչ, եւ մենք պետք է գիտակցենք, որ նա իր դեմ մահափորձից հետո հոգեբանական, քաղաքական եւ ֆիզիկական բարդ վիճակում էր գտնվում: Այդ մասին այսօր՝ փետրվարի 11-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Այդկերպ, ըստ Ղուկասյանի գնահատման, Հայրիկյանը հանրությանը լարվածության մեջ էր պահում, քանի որ նրա վճիռը կարող էր ազդել քաղաքական գործընթացների վրա:  «Համարենք, որ դա արդեն ազդել է քաղաքական գործընթացների վրա: Բոլորին էլ պարզ է, որ  նախագահի ընտրությունների օրը նույնը կմնա, եւ իմ կարծիքը նույնպես`  երկրում անցկացվում են կեղծված ընտրություններ: Եթե ընտրություններին հակասահմանադրական կուսակցություն է մասնակցում, ապա դրանք չեն կարող ազնիվ եւ արդար լինել»:

Ի պատասխան վերջին պահին միասնական թեկնածուի  ի հայտ գալու հավանականության մասին հարցին` Ղուկասյանը նշել է, որ կարեւոր չէ` կլինի միասնական թեկնածու, թե ոչ, քանի որ եթե վերջինս մասնակցի կեղծված ընտրություններին, ապա դա ոչ մի կերպ չի ազդի Հայաստանում քաղաքական իրադրության վրա: «Բոլոր հարցերին Հայաստանի նախագահն արդեն պատասխանել է, երբ նախընտրական քարոզարշավի ընթացքում Գյումրիում հայտնել է, որ «խնդիրներն» այնքան են, որքան ցանկանանք:  Ես Րաֆֆի Հովհաննիսյանին, Պարույր Հարիկյանին եւ Հրանտ Բագրատյանին կոչ եմ անում լուրջ ընդունել նախագահի խոսքերը», - ասել է Ղուկասյանը:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ  հունվարի 31-ին մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանը փետրվարի 10-ին դիմել էր Սահմանադրական դատարան` նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու խնդրանքով: Փետրվարի 11-ին նա հետ էր վերցրել դիմումը:

 

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am