Ես չեմ մերժել հանդիպման որեւէ առաջարկ. նախագահական նստավայրը ստում է, կեղծում է: Այդ մասին, այսօր` մարտի 11-ին, Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Սա հացադուլ չէ, սա մեր ժողովրդին զորակցելու վճռորոշ փուլն է, եւ եթե ժողովուրդը փետրվարի 18-ին հաղթահարեց վախը, սուտը, կեղծիքը, այդ երեք մեղքերը նախագահության, իշխանության մոտ տակավին կա: Մենք հնարավորություն տալիս ենք մինչեւ ապրիլի 9-ը: Ապրիլի 9-ին ծնվելու է նոր Հայաստանը: ժողովուրդը իր երդմնակալությամբ իրացնելու է Սահմանադրական պահանջը»,- նշել է Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի, այս «սուտ ու կեղծիքի մեջ նաեւ կա նախագահական նստավայրից արձակված հերթականը, որ ես իբր մերժել եմ որեւէ հանդիպում»: «Ինձ ճանաչում եք, գիտեք, որ ես բաց եմ հանդիպման առաջ, եթե երկխոսությունը կարող է հարց լուծել, միշտ կողմնակից եմ: Ես դա փաստել եմ` ոտքով գնալով Բաղրամյան, դնելով ժողովրդի պահանջները: Դրանից հետո ես նրան հրավիրեցի Ազատության հրապարակ, ինքը չեկավ, հետո ասացի` հրավիրեք երեք գրասենյակներ, ես կգամ, չհրավիրեցին: Դրանից հետո երբ ասացինք, որ մնալու ենք Ազատության հրապարակում, տեսանք, որ հետաքրքրություն կա: Ես երեկ ասացի, որ ով ուզում է խոսել, կարող է գալ Ազատության հրապարակ»,- ասաց Հովհաննիսյանն ու հավելեց. «Ես չեմ մերժել հանդիպման որեւէ առաջարկ: Ձեր նստավայրը ստում է, կեղծում է, ձեզ հարմար օր եւ ժամ հրավիրում եմ այս համազգային տագնապը լուծելու, այս նստարանի վրա բաց կամ փակ հանդիպման: Ես կողմ եմ բաց հանդիպման, քանի որ անցած անգամ մոնտաժեցիք իմ խոսքը, իբր ես դեմ եմ»:
Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին առաջարկեց հանդիպել բաց երկնքի տակ կամ մոտակա սրճարանում` քննարկելու բոլոր հարցերը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











