Life News կայքի ապրիլի 17-ի նյութը` «Վլադիմիր Պուտինը սպառնում է ցրել կառավարությունը» վերնագրով, սկանդալ է հարուցել Ռուսաստանում: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի պեսկովը մեկնաբանել է, որ Պուտինի սպառնալիքները վերաբերել են նահանգապետերին, այլ ոչ կառավարությանը, իսկ Life News-ի գործադիր տնօրեն Աշոտ Գաբրիելյանովը պնդում է իր վարկածը, որ խոսքը կառավարության մասին է:
Life News-ը հրապարակել էր ապրիլի 16-ին Էլիստայում նախագահի` նահանգապետերի եւ կառավարության հետ խորհրդակցության տեսագրությունը: տեսախցիկը, իբր, շարունակել է աշխատել Պուտինի խնդրանքից հետո: Տեսագրության մեջ Պուտինը հավաքվածներին քննադատել է վատ աշխատանքի համար եւ սպառնում ազատել:
Պեսկովը «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է, թե Պուտինի արտահայտությունները վերաբերում են նահանգապետերին: Նա նաեւ «էթիկական առումով վրդովեցուցիչ»է անվանել տեսագրության տարածումը:
Աշոտ Գաբրիելյանովը Twitter-ում գրել է, թե իր լրագրողներին վտարում են նախագահական խմբից` փակ խորհրդակցությունը հրապարակելու համար: «Ինձ համար լիովին հասկանալի է նախագահի աշխատակազմի մտահոգությունը, բայց մեր աշխատանքն է` ցույց տալ ճշմարտությունը: Թեկուզ նման զոհողություններով»,- գրել է նա` կրկին պնդելով, որ Վլադիմիր Պուտինը սպառնում էր կառավարության անդամներին:











