Կրիմինալ Հայաստանը գնում է ընտրությունների, երեկ հանցագործություններով էր լեցուն, այսօր մարդասպանություն Գյումրիում: Այս մասին այսօր` ապրիլի 23-ին, Արաբկիր վարչական շրջանում ՀԱԿ-ի` ընտրողների հետ հանդիպումը այսպես բացեց պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նա անդրադարձավ երեկվա ՀԱԿ ակտիվիստին ծեծելու միջադեպին, նշելով, որ առնվազն չորս անգամ խոչընդոտել են ՀԱԿ ակտիվիստների աշխատանքը: Արամ Մանուկյանը շեշտեց, որ իշխանությունը թաղված է կրիմինալի մեջ, այլ կերպ չեն կարողանում պահել իշխանությունը, իսկ ժողովուրդն ուզում է ազատվել սրանցից, որովհետեւ Հայաաստանն այս իշխանությունների օրոք միայն սպառվում է, իմունիտետն է կորցնում:
«ՀՀԿ-ի ոհմակները հարձակվել են մեր երեխեքի վրա, 20-30 տղամարդ կոչվածներ հարձակվել են ջահել զույգի վրա: Կինը փորձել է 30 վայրենիներից պաշտպանել իր ամուսնուն, ինչի՞ համար, որ օրենքով սահմանված կարգով բուկլետներ են բաժանում, քարոզում են այն թիմին, որի մասնակիցն են: Բացահայտ ասում են, որ ՀՀԿ-ի շտաբի տեղեքն են, դա իրենց գեղն է, իրենց թաղը: Սա պաշտպանվում է իշխանության կողմից, հովանավորվում է իշխանության կոմից: Ես իմ անունից եմ ասում` ՀՀԿ-ի տղերք, խելքներդ գլուխներդ հավաքեք, ձեր վայրենի մեթոդները ձեզ պահեք: Մեզնից ուժեղ, դուխով չեք կարող լինել, մեզնից ավելի էս երկրին տեր չեք, մենք ենք էս երկրի տերը»,-ասաց Մանուկյանը:
Նա նշեց, որ ընդամենը նրանց ասում են` «եկեք արդար մրցեք»: «Ո՞վ է ասում, որ կուսակցություն չեք, ձեր ասելիքը չունեք, ասեք, ինչ է եղել: Ձեր Տարոնին գովերգեք, իր բազամամիլիոնանոց ունեցվածքը գովերգեք, ցուցադրեք իր հարստությունները, թե ոնց էս երեք տարվա մեջ էդ ջահել, հրաշք տղեն միլիարդների տիրացավ: Էս ինչ բարձր է Հայաստանի աշխատավարձը, որ աշխատավարձով 4-5 տարվա ընթացքում կարող է մի քանի միլիոն կուտակել»,-նշեց ՀԱԿ անդամը:
Ավելի ուշ ներկայացնելով Վահագն Խաչատրյանին, Արամ Մանուկյանն ասաց, որ վերջինս թեեւ Երեւանի քաղաքապետ է եղել, բայց ոչ մի հարստություն չունի: «Գիտեք մենք փող աշխատելու ձեւը չե՞նք իմացել: Դեպուտատ եմ եղել, փոխնախարար եմ եղել, Լեւոնի, Վանոյի մոտ ընկերն եմ եղել, բայց ինձ, ինչպես Վահագին եւ մյուսներին, երբեք փողը չի ձգել, բարձր արյունը, մարդկանց ճակատին բաց նայելը ամենաբարձր արժեքն է»,- հայտարարեց Արամ Մանուկյանն ու հավելեց, որ եթե առաջին խորհրդարանում բիզնեսով զբաղվող մարդը «չուժոյ էր», ապա այժմ խորհրդարանում բիզնես չունեցողը «հարիֆ է, դմբո է, ժամանակի հետ չի գնում»:
Պատգամավորը շեշտեց, որ իշխանությունները գործի են դրել կեղծիքի եւ բռնության մեթոդները: Նա նկատեց, որ նախագահական ընտրություններից հետո ընտրացուցակներում 18.000 մարդ է «օդից» ավելացել: Նա ասաց, որ Երեւանում կեղծիքներ անելը դժվար է, իսկ ավագանու ընտրությունները հիանալի հնարավորություն են ժողովրդի համար «ընդամենը մեկ քվեաթերթիկով գալ եւ Սերժի քթին խփել եւ ասել, որ դու Հայաստանը դատարկող մարդ ես, քեզ չի կարելի կողմ քվեարկել, քեզ պետք է մերժել»:











