Հայ գենը ուժեղ է, դրա վառ ապացույցն այն է, որ աշխարհի տարբեր ծայրերում Ցեղասպանությունից փրկվածները կարողացան հաստատվել ու ամրանալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը։

«Դրսում ապրող մեր 10 միլիոն հայրենակիցները պահանջում են աշխարհից ու Թուրքիայի հայ դատի ճշմարտացի լուծումը: Կարծում եմ` մեր պայքարն ավելի պետք է ահագնանա, պետք է համախմբված լինենք: Կգա այդ օրը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:

Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ մենք կորցրել ենք 1,5 մլն հայ, կորցրել ենք մշակույթ, կորցրել ենք մեր հողերը, սակայն մենք վերածնվել ենք. ոսոխը չկարողացավ իր նպատակին հասնել:

Նշենք, որ Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին,  որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ:  Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը: