Թուրքիան պետք է ճանաչի եւ ընդունի հայ ժողովրդի հանդեպ իր կատարած ոճիրը եւ վավերացնի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները եւ առանց նախապայմանների բացի սահմանները: Այս մասին այսօր` ապրիլի 24-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:
«1915 թվականի յուրաքանչյուր զոհ ունի իր ուրույն պատմությունը, սակայն նրանք բոլորը ընդանուր շատ բաներ ունեն: Հենց ամենասկզբից տղամարդկանց զատել են մնացածներից, կանանց եւ երեխաներին արտաքսել են` միաժամանակ սպանել եւ գերի վերցրել»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` կամ Թուրքիան պետք է առանց նախապայմանների վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները եւ դիվանագիտական կապեր հաստատի Հայաստանի հետ, կամ Հայաստանը պետք է հրաժարվի արձանագրություններից եւ հետ վերցնի դրանց վրա դրված իր կնիքը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նաեւ ընդգծել է, որ եթե Թուրքիան շարունակի մերժողական քաղաքականությունը, հայկական կողմը պետք է առաջ քաշի իր նախապայմանները:











