Հայ ազգային կոնգրես կուսակցության այսօր՝ ապրիլի 29-ի աջափնյակցիների հետ հանդիպումը էպիզոդներով հարուստ էր։ Աջափնյակ վարչական շրջանի կենտրոնում գտնվող Գեւորգ Չավուշ արձանի մոտից ՀԱԿ ակտիվիստները Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի հետ միասին երթով անցան Մարգարյան, Բաշինջաղյան, Հալաբյան փողոցներով։ Ակտիվիստների ձեռքին Վահագն Խաչատրյանի նկարով պաստառներ կային, նրանք բացականչում էին «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Տարոն՝ խամաճիկ», «Ազատ, անկախ Հայաստան», «Վահագ՝ քաղաքապետ»  եւ այլն։ Վահագն Խաչատրյանին դուր չեկավ «Տարոն՝ խամաճիկ» հայտարարությունը, ինչը նա չթաքցրեց։ (ֆոտոռեպորտաժ)

Երբ հարցրեցինք, թե ձեր բոլոր գործընկերները կոշտ, երբեմն՝ վիրավորական հայտարարություններ են անում, նա նշեց, որ այս իշխանություններն իրենց այնպես են պահել, որ ամեն ինչի արժանի են, բայց ինքն ուզում է, որ բոլորն իրենց լավ զգան մրցակցության ժամանակ։

Երթի ժամանակ Վահագն Խաչատրյանին ողջունեց «Բարեւ Երեւան» գրությամբ հայտնի դեղին մեքենան։ Մեքենայի վարորդն ազդանշան տվեց, իսկ նրա կողքին նստած  «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը ձեռքով արեց Վահագն Խաչատրյանին, ինչին վերջինս ջերմորեն պատասխանեց։ Մեր դիտարկմանը, թե այդպիսի եղբայրություն է «Ժառանգության» հետ, Վահագն Խաչատրյանը նշեց, որ ինքը բոլորի հետ էլ լավ հարաբերություններ ունի, որեւէ խնդիր չկա։

Ճանապարհին Վահագն Խաչատրյանը բարեւում էր բոլորին, ներկայանում,  հարցնում որպիսիությունը, հետաքրքրվում խնդիրներով, զրուցում եւ անցնում։ Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի՞ց եք սովորել այս կերպ անցկացնել քարոզարշավը, Վահագն Խաչատրյանը հակադարձեց, որ շատ ավելի վաղ «Այլընտրանքն» իր քարոզարշավն այդպես է սկսել։

Վահագն Խաչատրյանը մոտեցավ մի մրգի կրպակի, նայեց գներին ու ասաց. «Այստեղ ավելի էժան է, քան կենտրոնում»։ Վաճառողներն էլ հետ չմնացին, թե «Էժան է, գնեք»։ Վահագն Խաչատրյան էլ խոստացավ տուն գնալիս անպայման գնել։ Քաղաքապետի թեկնածուն շարունակեց իր ճանապարհը, հասավ ՀՀԿ շտաբի մոտ, որի աշխատակիցները դուրս էին եկել եւ հենց մուտքում ողջունեցին նրան։ ՀՀԿ-ի շտաբի դիմաց նստել էր այն հայտնի տիկինը՝ Սերժ Սարգսյանի «եկել ես ստեղ, լացում ես, մեր տոնը փչացնում ես, որ ինչ անես» խոսքերի հասցեատերը։ Նա հենց այն նույնն կինն էր, ով Եռաբլուրում մոտեցել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, բողոքում էր սոցիալական պայմաններից եւ կյանքից եւ արժանացել էր նախագահի այդ խոսքերին։ 

Նույն միջադեպի ժամանակ էլ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասել էր, թե այդ կինը սուտ է ասում, ինքն աշխատանքով է ապահովել, նույնիսկ երեխաներին է տարել պահել եւ այլն։

ՀԱԿ համակիրներից մեկը, դիմելով տիկնոջը հարցրեց, թե ինչի ես եկել այստեղ նստել, փողդ տվել են։ «Ինձ միշտ էլ ՀՀԿ խմբակցությունն օգնում է։ Ասաց, արի աշխատանք տամ, ինձ կանչում են, մասնավոր մաքրության գործ եմ անում, ինձ ձեռ չի տալիս պետական գործը»,- ասաց կինը:

Նա նշեց, որ Սամվել Ալեքսանյանը «մի վախտ իր նեղ սրտին հասել է, օգնել է, չի ասում, թե չի օգնել, ամենալավը ՀՀԿ-ն է»:  «Որ կարելի է կատարել ճիշտ ընտրություն, Տարոն Մարգարյանը՝ որպես քաղաքապետ, ավագանիներին էլ մարդավարի ընտրված են: Ես գոհ եմ բոլորից էլ»,- ասաց կինը: ՀՀԿ-ական շտաբի ներկայացուցիչներն էլ ասացին՝  «ապրես, ապրես, նստել ես էստեղ ուրիշ բան են հասկանում»:

Ի տարբերություն ՀՀԿ-ի, որտեղ նախկին քաղաքապետին ողջունեցին մուտքում, եւ ինչպես ինքը նկատեց, նույնիսկ չհրավիրեցին ներս, ԲՀԿ-ի շտաբում նա ներս մտավ, ողջունեց ԲՀԿ-ականներին եւ դուրս եկավ։

Երթով հասանք Հալաբյան փողոց, որտեղ Վահագն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին։  «ՀԱԿ ավագանու ցուցակի առաջին համարն եմ զբաղեցնում, տեղի բնակիչների մի մասը երեւի ինձ լավ հիշում է կամ ճանաչում է, ես մեծացել եմ այս թաղերում, ավարտել եմ 118 դպրոցը, ես եկել եմ դիմելու ձեզ, որպեսզի դուք ամսի հինգին մասնակցեք ընտրություններին, գիտեմ, որ դժվար է կյանքը, գիտեմ, որ պրոբլեմների մեջ եք ապրում, գիտեմ, որ իշխանությունն այսօր իր տեղում չի, բայց բոլոր դեպքերում մի պարտականություն կա, որով հնարավորություն կտաք մեզ, իշխանությանը շնորհակալություն հայտնել կամ ցտեսություն ասել։ Ես անել այն, ինչ իշխանությունը չի անում։

Մեզ  համար ասյ ընտրությունները քաղաքական են, բայց դա չի նշանակում, որ  Երեւանի մասին մենք մոռանալու ենք։ Ես ղեկավարել եմ իշխանությունը 92-96թթ, գիտեմ, որ լավ էլ չեք հիշում, Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ այդ հաղթանակի տարիները դարձան ցուրտ եւ մութ տարիներ, բայց գիտեմ նաեւ որ դուք շատ համբերատար եք եղել, ինձ համար՝ որպես այդ ժամանակվա քաղաքապետ, պրոբլեմներ չեք ստեղծել, ես միշտ շնորհակալ եմ ձեզնից, բոլոր երեւանցիներից, ովքեր այդ տարիներին օգնել են մեզ քաղաքը կառավարելի դարձնել: Մենք մի ցանկություն ունենք միայն, որպեսզի Երեւանը տեսնենք գեղեցիկ, Երեւանը ոչ միայն օպերան է եւ իր շրջապատը, այլեւ Չերեմուշկան է, Դավիթաշենը, Նորքի մասիվներն են եւ մնացած տեղերը։ Ինքներդ որոշեք՝ ում ընտրել, բայց իմացեք, որ ՀԱԿ-ը սկզբունքային է եղել, այդպես էլ մնալու է մինչեւ վերջ, ամեն ինչ անելու ենք, որ այս իշխանությունը հեռանա»,- ասաց նա։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am