Ներկայիս իշխանությունների պայմաններում Երեւանն ավելի վատն է դառնում: Այդ մասին Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցների հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ կուսակցության համամասնական ընտրացուցակը գլխավորող, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով, ինքը մինչեւ ուղնուծուծը երեւանցի է, եւ հենց նման մարդկանց չեն սիրում գործող իշխանությունները. «Նրանք մեզ չեն սիրում նրան համար, որ մենք քննադատում ենք, իսկ ես չեմ հարգում նրանց: Այս իշխանությունն ի վիճակի չէ ոչնչի բացի մակերեսային քայլերից»: Վ.Խաչատրյանը, ինչպես եւ հանրահավաքում ելույթ ունեցած այլ անձինք շեշտադրումը դրել են առաջիկա կիրակի կայանալիք ընտրությունների քաղաքական բնույթի վրա` նկատելով, որ ընտրարշավի մյուս մանսակիցները, բացի Հանրապետականից, լսել են ՀԱԿ-ի կոչերն ու նույնպես խոսում են ընտրությունների քաղաքական բնույթի մասին: Խաչատրյանը ավագանու ընտրությունները լավ հնարավորություն է համարում Երեւանը ՀՀԿ-ի ձեռքից խլելու համար: