Այս պահին Երեւանի Մաշտոցի պողոտայով ընթանում է հանդիսավոր երթը` նվիրված Աշխատավորների համերաշխության միջազգային օրվան (ֆոտոռեպորտաժ): Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, առաջին շարքում կոմունիստները մեծ պաստառ են պահել` Կարլ Մարքսի, Վլադիմիր Լենինի, Ստեփան Շահումյանի եւ Ալեքսանդր Մյասնիկյանի նկարներով:

Նվագախումբը կատարում է հեղափոխական քայլերգեր, երթի մասնակիցների ձեռքում Խորհրդային Միության եւ ՀԽՍՀ դրոշներն են: Ակցիայի մասնակիցները տանում են նաեւ պաստառներ` «Հավերժ Ռուսաստանի հետ», «Ձեռքերդ հեռու Սիրիայից» գրառումներով:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ կոմունիստ Սարգիս Հարությունյանը հայտարարել է, թե անկախ Հայաստանի պայմաններում Մայիսի 1-ը ձեռք է բերել իր իրական նշանակությունը` իսկապես դառնալով աշխատավորների պայքարի օր:

Կոմունիստների շարասյունն անցնելու է Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, իսկ երթը կավարտվի Ստեփան Շահումյանի հրապարակում կայանալիք հանրահավաքով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am