Ընդդիմության միավորման համար պետք է երկու հստակ հայտարարություն անել. առաջինի բովանդակությունը պետք է լինի այն, որ ընդդիմադիր ուժերը Երեւանի ավագանիում ընտրվելու դեպքում՝ չեն միանա իշխանության հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է ՀՅԴ համամասնական ցուցակը:
Նա նշել է, որ առաջին հայտարարությունում պետք է նաեւ ամրագրել, որ ընդդիմադիր ուժերը պետք է համագործակցեն Երեւանի ավագանիում: Այսինքն, եթե ընդդիմադիր ուժերի ոչ մեկը մեծամասնություն չստանա, ապա նրանք պետք է միավորեն իրենց մանդատներն ու ընտրեն ընդդիմադիր քաղաքապետ։:
«Երկրորդ հայտարարությունում պետք է նշվի, որ ընդդիմադիր ուժերը կհամագործակցեն ընտատեղամասերում՝ ժողովրդի տված ձայները պահելու նպատակով»,-ասել է Արմեն Ռուստամյանն՝ ընդգծելով, որ ժողովրդի պասիվությունը ի հայտ է գալիս այն պատճառով, որ մարդիկ չեն հավատում, որ իրենց ձայնը նշանակություն է ունենալու, որ նորմալ ընտրություններ են տեղի ունենալու:
«Մենք պետք է ժողովրդին արդար ընտրությունների երաշխիքներ տանք: Դա քաղաքական ուժերի խնդիրն է, ընտրողներից ոչ ոք պարտավոր չէ հետեւել մյուս ընտրողների ձայների պահպանմանը»,-ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ընդդիմության շահերից է բխում ընտրողների ակտիվացումը եւ նրանց համոզելը, որ Երեւանի ավագանու ընտրությունները եւս մեկ շանս են իշխանություններին «ոչ» ասելու համար: «Դրա համար անհրաժեշտ է գծել այն բաժանարար գիծը, որի օգնությամբ կարելի է տարբերակել ընդդիմությունն իշխանությունից: Եթե ժողովուրդը հստակ չտեսնի այդ գիծը, նորից խճճվելու է եւ իշխանությունների նկատմամբ անվստահության հանրաքվեն տեղի չի ունենալու այն բարձր մակարդակով եւ չի ունենալու այն ազդեցությունը, որը ցանկանում ենք»,-ամփոփել է Արմեն Ռուստամյանը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











