Երեւանում` Ազնավուրի անվան հրապարակում մայիսի 3-ին  մեկնարկել է ՀՅԴ կողմնակիցների հանրահավաքը, որին մասնակցում են ՀՅԴ համամասնական ընտրացուցակը գլխավորող, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, փոխներկայացուցիչներ Աղվան Վարդանյանն ու Արսեն համբարձումյանը, նաեւ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ու պատգամավոր Արծվիկ Մինասյանը: (ֆոտոռեպորտաժ)

Հանրահավաքում ներածական խոսքով հանդես է եկել Արծվիկ Մինասյանը, ով ներկաայցրել է կուսակցության ցուցակի առաջին երեք համարներին: Նրանից հետո ելույթ է ունեցել Վահան Հովհաննիսյանը: «Մայրաքաղաքը պետք է պարտականություն վերցնի երկիրն առաջ տանելու: Այսօրվա դրությամբ պատասխանատվությունը  ընկած է Երեւանի վրա»,- ասել է Վահան Հովհաննիսյանը` հավելելով, որ միայն ՀՅԴ-ից ընտրված քաղաքապետը կարող է նպաստել քաղաքի բարգավաճմանը:

«Կամ մենք գնում եւ քվեարկում ենք ՀՅԴ-ի օգտին` ապահովելով ընդդիմության մեծամասնություն Երեւանի ավագանիում,կամ էլ արցունք ենք թափելու` նայելով հավաքվող ճամպրուկներին: Հաճախ մենք վախենում ենք որեւէ սպառնալիքից, բայց ամենամեծ սպառնալիքը երկրում ՀՀԿ-ի կառավարման շարունակությունն է»,- ընդգծել է Վահան Հովհաննիսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am