Խորհրդային միության փլատակների  վրա  ձեւավորված  ավտորիտար, հակահայկական համակարգը 2013 թվականի փետրվարի 18-ին արձանագրեց անդառնալի ճաքեր, իսկ ապրիլի 9-ը համակարգի տապալման համար դարձավ աննախադեպ բեկումնային: Նման բովանդակությամբ հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Նա իր կահյատարարությունում նաեւ նշում է.

«Լայնածավալ ազգային եւ համաժողովրդական գործընթացները հայոց կյանքում  սկիզբ դրեցին նոր երեւույթի` կեղծ իշխանավորի չճանաչմանը, առանց բռնության պայքարի կիրառմանը, վերկուսակցական, հայկական քաղաքական, միասնական եւ  հիմնական նպատակի հռչակմանը:

Մեր հիմնական նպատակն է.  ժողովրդավարական ղեկավարման համակարգի ներդրմամբ Հայկական բարձրավանդակում Հայկական պետականության վերականգնում, որտեղ  յուրաքանչյուր հայ հնարավորություն ունի արժանապատիվ ապրելու:

Մեր առաջնային նպատակն է. Սահմանադրական Նոր Հայաստանի  պետական իշխանության ձեւավորում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա:

Մեր նպատակին հասնելու համար մենք ունենք անհրաժեշտ նվազագույն պայմաններ` դրանք հետեւյալն են.

• Շուրջ 49 հազար քառ. կիլոմետր հայերով բնակեցված պատմական Հայրենիք:

• 2013 թվականի փետրվարի 18-ին ՀՀ նախագահական ընտրություններում բացարձակ մեծամասնության  քվե ստացած առաջնորդ` Րաֆֆի Հովհաննիսյան, ով սկսեց լայնածավալ ժողովրդական շարժում եւ հայտարարեց, որ չի ճանաչում կեղծ ինքնահռչակ Սերժ Սարգսյանին:

• Հարյուր հազարավոր  մարդկանց հանուն Սահմանադրական Նոր Հայաստանի հրապարակավ երդման ստանձնում:

• Անձնակազմ`  երիտասարդներ եւ միջին տարիքի հայեր՝ պատրաստ անհատույց  ծառայելու:

Մեր նպատակին  հասնելու ճանապարհին  խոչընդոտների նկատմամբ մեր վերաբերմունքը`

Կեղծ եւ, ըստ էության, օտար, ինքնահռչակ պաշտոնյաներին ճանաչում ենք որպես հանցագործներ: Նրանց հետ հաղորդակցում ենք, որպես հանցագործների` ովքեր զինված են, ում ձերքերում  գտնվում է մեր ժողովրդի նյութական  կարողության որոշակի մասը, ովքեր ինչ-որ չափով գտնվում են ազատության մեջ եւ ունեն որոշակի հովանավորություն այլ պետությունների կողմից:

Մեր առաջիկա քայլերը.   

• ՀՀ-ում անցկացվող բոլոր մակարդակի ընտրություններին մասնակցություն՝ դիտարկելով նրանց որպես մարտական տարրեր պարունակող գործողություններ, այդ թվում նաեւ այսօրվա Երեւանի ավագանու ընտրություններին:

• Մայիսի 9-ին ժամը 18:00 Աազատության հրապարակում Սահմանադրական Նոր Հայաստանի հանրահավաք:

• Սահմանադրական Նոր Հայաստանի ընտրված եւ ժողովրդի առաջնորդ`Րաֆֆի Հովհաննիսյանի լիազորությամբ ժողովրդի ամբողջական իշխանության ձեւավորման ամենօրյա գործունեության ծավալում»: